Քալիֆորնիայի գիտնականները արյան անալիզի մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս արյունատար համակարգում հայտնաբերել քաղցկեղային բջիջների հետքերը եւ տեղայնացնել այն հատվածը, որտեղ ուռուցքն աճում է իր ձեւավորման ամենավաղ փուլերում: Այս մասին նշված է Nature Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք այս հայտնագործությունը պատահաբար ենք կատարել: Ի սկզբանե մենք փորձում էինք ներգործել «սովորական» ճանապարհով եւ օրգանիզմում պարզապես քաղցկեղային բջիջների հետքեր էինք փնտրում՝ ջանալով հասկանալ, թե դրանք որտեղ են առաջանում: Երբ նկատեցինք ուրիշ բջիջներից ստացվող քիմիական ազդանշանները, կռահեցինք, որ դրանց զուգակցումը մեզ թույլ է տալիս հասկանալ՝ արդյոք օրգանիզմում ուռուցք կա եւ որտեղ է աճում»,- ասել է Սան Դիեգոյի (ԱՄՆ) Քալիֆորնիայի համալսարանից Կուն Չժանը:

Վերջին տարիներին գիտնականներն ակտիվորեն միջոցներ են մշակում քաղցկեղի վաղ ախտորոշման համար, որոնք թույլ կտան այն հայտնաբերել մինչ այն, երբ կկարողանա «խաբել» իմունային համակարգին եւ մետաստազներ կծնի: Չժանը նշել է, որ այսպիսի թեստերը թույլ են տալիս գրանցել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, բայց չեն օգնում գտնել այն հատվածը, որտեղ այն գտնվում է: Որոշ դեպքերում դա հեշտ է անել ըստ քաղցկեղային բջիջների տեսակի, սակայն այլ դեպքերում, օրինակ՝ եթե քաղցկեղն առաջացել է ոսկրածուծում կամ ոսկրի մեջ, ուռուցքը կարող է գտնվել մարմնի գրեթե ցանկացած հատվածում:

Գիտնականների խումբը դա կատարելու եղանակը գտել է՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ մարդու օրգանիզմում յուրաքանչյուր հյուսվածք օժտված է էներգետիկ նշանների սեփական յուրահատուկ հավաքակազմով: Այսպիսի նշանները հանդիպում են ԴՆԹ-ի որոշակի «տառերի» մակերեւույթին, օրինակ՝ «Ց» եւ «Գ», որի շնորհիվ դրանք հեշտ է գտնել եւ հաշվարկել:

Նման նշանները հաշվելով մարմնի 10 տարբեր օրգանների եւ հյուսվածքների արդեն հետազոտված քաղցկեղային բջիջների կուլտուրաների մակերեւույթին՝ գիտնականներն ալգորիթմ են մշակել, որը թույլ է տալիս արյան մեջ քաղցկեղի հետքերի «ծննդավայրը» գտնել՝ հենվելով  քաղցկեղային ԴՆԹ-ի մակերեւույթին այդպիսի հարյուր հազարավոր ընձյուղների վրա:

Ալգորիթմի աշխատանքը բժիշկները ստուգել են քաղցկեղով տառապող 72 հիվանդների արյան նմուշների վրա, որոնք բուժում են ստացել Քալիֆորնիայի համալսարանի կլինիկայում: Փորձը ցույց է տվել, որ Չժանի եւ նրա գործընկերների ալգորիթմը թույլ է տալիս քաղցկեղի աղբյուրը հայտնաբերել 82-90 տոկոս ճշգրտությամբ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ արդեն սկսել է ուռուցքի տարածումը: Գիտնականները հույս ունեն, որ քաղցկեղի որոնման այս մեթոդը թույլ կտա վաղ եւ ճշգրիտ ախտորոշման հաշվին նվազեցնել մահվան դեպքերի քանակը: