ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանի հետ քննարկել է մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի կազմակերպական մի շարք հարցեր։
Պաբլո Էլմասյանը ներկայացրել է, որ համագումարի հենց առաջին օրը լիագումար նիստում նախատեսվում է նախարարի ելույթը Հայաստանի առողջապահության համակարգի իրավիճակի, խնդիրների, իրականացվող եւ նախանշվող բարեփոխումների մասին։Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող մոտ 500 բժիշկները կծանոթանան նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության ոլորտի խնդիրներին, ինչպես նաեւ կրթական ծրագրերին։
Նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ համագումարում հիմնականում կներկայացվեն Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող եւ նախանշվող ծրագրերը` ակնկալելով սփյուռքի մասնագետների, այդ թվում` փորձառու կառավարիչների մասնակցությունը։
Կազմկոմիտեի քարտուղարը ներկայացրել է, որ համագումարի երկրորդ օրն այդ նպատակով նախատեսված է կլոր սեղան-քննարկում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դեղագործության ոլորտում համագործակցության, Հայաստանը որպես արտադրության հարթակ ներկայացնելու հարցը։
Պաբլո Էլմասյանը նախարարին է հաղորդել, որ համագումարի նախագահ ԴանիելՍտամբուլյանը եւս մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի ներուժը Հայաստանի եւ Արցախի առողջապահության համակարգերի զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ։






