ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Դանիայի Թագավորություն։
ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է։ Համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակներում` ընդգրկելով առողջապահության տարբեր ոլորտներ եւ ուղղություններ:
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ԱՀԿ հետ ստորագրելու հերթական, երկամյա համաձայնագիրը` 2018-2019թթ. համար։
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկվեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները եւ դրանց հետագա ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ կլինի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի եւ կանխարգելման, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր եւ մանկան առողջության պահպանման եւ առողջապահության այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Կոպենհագենում կքննարկեն նաեւ ԱՀԿ հետ համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
Այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հանդիպումներ կունենա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբի, ԱՀԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կհստակեցվեն 2018-2019թթ. երկամյա համաձայնագրի դրույթները, կքննարկվեն օրակարգային ու կազմակերպական հարցեր:






