Հայաստանում անհրաժեշտ է բժշկական ապահովագրություն եւ կորպորատիվ պատասխանատվության մեխանիզմ ներդնել: Նման դրույթ է պարունակում Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այսօր Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում կայացած հանդիպումների ժամանակ այս մասին հայտնեց կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ թվով մարդիկ կան, որոնց համար պետպատվերի շրջանակում բուժում չի սահմանված, բայց որոնք բուծառայության դիմաց վճարելու փող չունեն: Այսպիսի մարդկանց համար առողջապահությունը չափից ավելի անհասանելի է դառնում: Տվյալ խնդրի լուծման համար ՀՅԴ-ն առաջարկում է բժշկական ապահովագրություն ներդնել, ըստ որում՝ անապահով ընտանիքների անդամների ապահովագրության համար պետք է վճարի պետությունը, իսկ ապահովված մարդիկ պետք է իրենք վճարեն իրենց ապահովագրության համար:
Դրանից զատ, Դաշնակցությունն առաջարկում է կորպորատիվ պատասխանատվության մեխանիզմ ներդնել: Այսինքն՝ խոշոր եւ հարուստ ընկերություններն իրենք պետք է վճարեն իրենց աշխատակիցների բժշկական ապահովագրության համար: Դաշնակցությունը նման ընկերությունների թվին է դասում ներմուծման, էներգետիկայի եւ ջրամատակարարման ոլորտներում աշխատող ընկերություններին:
Դավիթ Լոքյանի խոսքով՝ նման պրակտիկա է կիրառվում մեծ թվով զարգացած երկրներում, եւ ճիշտ ժամանկն է այն Հայաստանում նույնպես ներդնել:






