Բժիշկները Լոս Անջելեսի բնակիչներին զգուշացրել են շրջանում գրանցված հարականջային գեղձի բորբոքման համաճարակային բռնկման մասին: Վիրուսը հայտնաբերվել է շրջանի 7 բնակիչների մոտ:
Չնայած հիվանդության տարածումը դեռեւս զանգվածային բնույթ չունի, բժիշկներին անհանգստացնում է մեր օրերում բավական հազվադեպ ինֆեկցիայի երեւան գալու փաստը:
«Վերջին տարում մենք վարակման ավելի մեծ թվով օջախներ ենք նկատում Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տարածքում»,- նշված է առողջապահության դեպարտամենտի հայտարարության մեջ:
Հարականջային գեղձի բորբոքումը, որը ժողովուրդը խոզուկ է անվանում, ախտորոշվել է սոցիալական երկու տարբեր խմբերի պատկանող 7 տղամարդկանց մոտ: Բժիշկները դեռեւս չեն պարզել՝ արդյոք հիվանդների միջեւ կապ կա, միայն հայտնի է, որ նրանք բոլորը սեռական ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչներ են:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պարզաբանել են, որ հարականջային գեղձի բորբոքմամբ կարելի է վարակվել ինֆեկցիան կրողի հետ տեւական, սերտ շփման դեպքում, օրինակ՝ նույն հանրակացարանում ապրելու, մարզումների համատեղ հաճախելու կամ նույն դասարանում սովորելու դեպքում: Անցյալ ամիս հիվանդությունը հայտնաբերվել է Օրինջ քաղաքի Չեփմենի համալսարանի 5 ուսանողների մոտ:






