Հայաստանյան դեղատներում դեղերի հատիկով վաճառքի դեպքում աշխատողները պետք է նրանց վրա պիտանելիության ժամկետի մասին նշումով պիտակներ կպցնեն՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգի համաձայն։
Աղվերանում դեղագործական ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում նախարարը ափսոսանքով փաստել էր, որ հատիկով դեղերի վաճառքը տխուր իրողություն է։
Հարկ է նշել, որ բնակչության ցածր կենսամակարդակը եւ դեղերի բարձր գինը հաշվի առնելով, դա, թերեւս, անելանելիությունից չողբալու մի հնարավորություն է։ Անշուշտ, զարգացած երկրներում շատ դեղարտադրողներ, որոնց արտադրանքը այսօր վաճառվում է նաեւ մեր դեղատներում, փոքրիկ փաթեթավորումներով դեղեր եւս արտադրում են, դիցուք՝ մեկ հատիկ հաբ մեկ տուփի մեջ։ Սակայն նրանց մտքով անգամ չի անցնում դեղերը փաթեթավորել երեք-չորս հատիկով, իսկ մեր սպառողը, գրպանի պարունակությունից ելնելով, դեղերն առնում մեկ-երկու օրվա օգտագործման համար։
Այդ իսկ պատճառով նախարար Դումանյանը հրահանգել է դեղերը հատիկով վաճառելու դեպքում անպայման վրան պիտանելիության ժամկետի նշումով թղթիկ կպցնել։
Դեղատներում կարծես թե հետեւում են նրա հորդորին, հատիկ-հատիկ հաշվելով դեղահաբերը եւ փոքրիկ պոլիէթիլենային տոպրակիկի մեջ լցնելով, սակայն պիտանելիության ժամկետի մասին նշումը մնում է իրենց մոտ մնացող տուփի կամ սրվակի վրա։ Իսկ Ձեզ հասնում են անանուն հաբեր, եւ եթե Դուք դրանք մոտ ժամանակներս չօգտագործեք, ապա խնդրի առաջ կհայտնվեք, չիմանալով, թե ինչ դեղ է դա եւ ինչ ժամկետ ունի։ Այդ իսկ պատճառով դեղատներում խնդրեք (պահանջեք) պոլիէթիլենային տոպրակիկների վրա կպցնել դեղի անվանումով եւ պիտանելիության ժամկետի նշումով թղթիկ՝ դա Ձեր իրավունքն է եւ նրանց պարտականությունը։
Յանա Ավչիյան






