2017 թվականին առողջապահության ոլորտում 42 ծրագրով նախատեսվում է ավելի քան 25մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Այդ թվում` բազմաթիվ բժշկական հաստատություններ վարկային, տնտեսված կամ դրամաշնորհային միջոցներով կստեղծեն նոր ծառայություններ, կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նոր տեխնոլոգիաների ներդրման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդանոցների արդիականացման եւ մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն  իրականացվում են պետական եւ մասնավոր հատվածի, միջազգային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով։

Ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրն է։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։ 

Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։

ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաեւ Շիրակի եւ Տավուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4 մլրդ ՀՀ դրամ։

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2013թ. կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման եւ Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։   Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջիե միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների եւ կահույքի ձեռքբերման համար։