Չի կարելի հակաբիոտիկները «հենց այնպես» ընդունել՝ հիվանդությունների կանխարգելման համար: Դրանք կարող են ընդունել միայն այն հիվանդները, որոնց մոտ բակտերիալ ինֆեկցիա է ախտորոշվել, պնդում է վարակաբան Պաբլո Էլմասյանը (Արգենտինա):
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշեց, որ մեծ մասամբ վերին շնչուղիների ինֆեկցիաների պատճառը վիրուսներն են, այլ ոչ թե բակտերիաները, իսկ վիրուսային ինֆեկցիաների դեպքում հակաբիոտիկների ընդունումից ոչ մի օգուտ չկա՝ հակաբիոտիկները չեն օգնի հաղթահարել գրիպի կամ շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիան եւ անգամ չեն կանխի հետագա բարդությունները:
Հակառակը՝ տարածված կարծիք կա, որ վիրուսային ինֆեկցիայի դեպքում հակաբիոտիկների ընդունումը կարող է թուլացնել հիվանդի իմունիտետը, որը միայն կծանրացնի հիվանդության ընթացքը եւ կմեծացնի բարդությունների հավանականությունը:
Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ հակաբիոտիկները, ինչպես մյուս դեղերը, մի շարք կողմնակի էֆեկտներ ունեն, ուստի առանց լուրջ ցուցումների դրանք չարժե ընդունել: Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ հակաբիոտիկների չարդարացված ընդունումը մեծացնում է դրանց նկատմամբ բակտերիաների կայունության հավանականությունը, որն այսօր գլոբալ խնդիր է համարվում: Մասնագետներից շատերը պնդում են, որ եթե հակաբիոտիկակայունությունը շարունակվի ներկայիս տեմպերով տարածվել, ապա մոտ ապագայում մենք կրկին կհայտնվենք առանց հակաբիոտիկների աշխարհում, եւ ամենասովորական ինֆեկցիաները դարձյալ կսկսեն հարյուր հազարավար մարդկանց մահվան պատճառը դառնալ:
«Ոչ մի դեպքում չի կարելի հակաբիոտիկները հենց այնպես ընդունել: Հիվանդին հակաբիոտիկներ նշանակելու համար, անհրաժեշտ է, որ ախտորոշում կատարվի, որը կհաստատվի անալիզներով՝ անհրաժեշտ է, որ բժիշկը համոզված լինի, որ հիվանդի մոտ հենց բակտերիալ ինֆեկցիա է»,- նշեց վարակաբանը:
Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ հրապարակել է հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ կայուն «առաջնահերթ ախտածինների»՝ բակտերիաների 12 տեսակների ցուցակը, որոնք մարդու առողջությանն առավել մեծ վտանգ են սպառնում: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են հաղորդում բակտերիաների մասին, որոնք հաղթահարել չի հաջողվում այսօր գոյություն ունեցող հակաբիոտիկների օգտագործմամբ:






