ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով Կոպենհագեն կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունում գործող աշխատանքային վեց խմբերն ուղղակի համագործակցություն ծավալեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի համապատասխան կառույցների հետ։
«Նրանք կկատարեն մեզ մոտ իրականացվող բարեփոխումների փորձաքննություն եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություներ կանեն»,-նշել է Լեւոն Ալթունյանը՝ ներկայացնելով այցի արդյունքները։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարաությունը, այցի ընթացքում Ալթունյանն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ։
ԱՀԿ-ի ներկայացուցիչներին նախարարը ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին։
«Նրանք բավականաչափ իրազեկ էին մեր երկրի թե՛ հաջողությունների, թե՛ խնդիրների մասին։ Եվս մեկ անգամ համադրելով երկու կողմի փաստերը` համոզվեցինք, որ ներկա իրավիճակի եւ ախտորոշումների մեր տեսլականները նույնն են»,- ասել է նախարարը։
Առկա մարտահրավերների հաղթահարման Լեւոն Ալթունյանի ներկայացրած ճանապարհը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավարության հավանությանն է արժանացել։
Ժուժաննա Յակաբն այդ ծրագրերին կազմակերպության ողջ ներուժով ամենայն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։






