Հայաստանի առողջապահության ոլորտում գոյություն ունի ստվերային շատ մեծ շրջանառություն: Մարտի 14-ին այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով առողջապահության ոլորտում նախատեսված ծրագրերին վերաբերող հարցին:
Նրա խոսքով՝ առողջապահությունը ֆինանսավորվում է բյուջեի 6,4 տոկոսի չափով, ինչը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: «Այդ պատճառով մենք ասում ենք, որ առողջապահությունը ծառայություն է եւ բիզնեոս, եւ մենք բոլորս պետք է մեր բաժին բեռը ստանձնենք ՀՆԱ-ի մեջ, որպեսզի մեր բաժին փողը ստանանք»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն այնուհետեւ շարունակեց, որ առողջապահության ոլորտում առաջին հերթին գերակա պետք է լինի առողջ կենսակերպի փիլիսոփայությունը: «Երկրորդ՝ այսօր առողջապահության ոլորտում պետական սուբսիդավորման մեխանիզմներում որոշակի շեղում կա մրցակցության կանոններից: Մենք Առողջապահության եւ Սոցիալական ապահովության նախարարությունների հետ միասին սկզբունքորեն փոխել ենք պետպատվերով վիրահատությունների ֆինանսավորման համակարգը: Եթե վիրահատության շուկայական գինը, պայմանականորեն ասած, կազմում է 240 հազար դրամ, պետպատվերով այն արժե 100 հազար դրամ: Մենք կմեծացնենք պետպատվերով վիրահատության արժեքը եւ կհասցնենք շուկայական գնին: Դա լրացուցիչ ծախսեր կառաջացնի, բայց մենք նաեւ որոշակի ծախսեր ոչ արդյունավետ ենք համարել եւ տնտեսել ենք: Դա մոտ 11 մլրդ դրամ լրացուցիչ գումար կարժենա: Միեւնույն ժամանակ, մենք 9 մլրդ դրամի չափով կրճատել ենք առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում ոչ արդյունավետ ծախսերը: 11 միլիարդից հավաքվող հարկերը կապահովեն պակասող 2 միլիարդը»,- պարզաբանեց Կարեն Կարապետյանը:






