Հայ բժիշկների միջազգային կոնգրեսին մասնակցությունը եւ ամբողջ աշխարհում հայտնի մասնագետների հետ հաղորդակցությունը կնպաստի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բժիշկների գիտելիքները նոր մակարդակի բարձրացնել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Կոնգրեսի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանը:
Հայ բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսը տեղի կունենա մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը՝ Բուենոս Այրեսում (Արգենտինա): Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից 35 բժիշկներ արդեն գրանցվել են կոնգրեսին մասնակցելու համար, սակայն կազմակերպիչները սպասում են այստեղից առնվազն 50 մասնագետների մասնակցություն:
Համաժողովին կմասնակցեն նաեւ ամբողջ աշխարհում հայտնի հայկական ծագմամբ բժիշկներ, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի Fidec Armenia հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը, օստեոպորոզի բուժման դեղամիջոցի հեղինակ Ջոն Բելիզիկյանը եւ շատ ուրիշներ: Իրենց ելույթներում նրանք կներկայացնեն իրենց ոլորտներում վերջին նորությունները, ըստ որում՝ ամբողջ նյութն այնպես կներկայացվի, որ այլ մասնագիտությունների բժիշկների, նաեւ բուժքույրերի եւ դեղագործների համար նույնպես հասկանալի եւ հետաքրքրող լինի:
Էլմասյանը նշեց, որ համաժողովի ընթացքում ելույթներ եւ քնարկումներ կլինեն ոչ միայն գիտական թեմաներով, այլեւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում առողջապահության եւ բժշկության վիճակի թեմայով, որի մասին զեկույցներով հանդես կգան հայ բժիշկները եւ Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Նշենք, որ հայ բժիշկների առաջին կոնգրեսը տեղի է ունեցել 1974 թվականին Բեյրութում, իսկ վերջինը՝ 2013 թվականին Լոս Անջելեսում: Անկախության հռչակումից հետո կոնգրեսներ են սկսել անցկացվել նաեւ Հայաստանում, եւ հիմա դրանք երկու տարին մեկ հերթագայությամբ անցկացվում են արտասահմանում եւ Հայաստանում:
Նշենք նաեւ, որ կոնգեսին մասնակցելու համար այն բժիշկները, որոնք Հայաստանից չեն, անդամավճար են մուծում՝ 350-ից մինչեւ 550 դոլարի չափով՝ կախված մասնագիտացումից եւ մասնագետի աշխատանքային փորձից: Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից մասնակիցների համար նախատեսված են նաեւ հատուկ զեղչեր՝ բուժքույրերը, դեղագործները, հոգեբանները եւ այլ մասնագետները պետք է վճարեն 100 դոլար, ատամնագետները, գիտության թեկնածուները եւ այլ բժիշկները՝ 270 դոլար: Սակայն ավիատոմսերի թանկության պատճառով Հայաստանից մասնակիցը ստիպված կլինի կոնգեսին մասնակցելու համար մոտ 2500-5000 դոլար ծախսել:






