Դատական տեղեկատվական համակարգի DataLex կայքի համաձայն՝ դեղատները եւ դեղագործական ընկերությունները Առողջապահության նախարարության եւ Առողջապահության պետական տեսչության դեմ Վարչական դատարան այս պահի դրությամբ 19 հայց են ներկայացրել՝ վիճարկելով տուգանքների մասին որոշումները: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ եւս մեկ հայց պատրաստվում է, այնպես որ՝ ընդհանուր առմամբ կլինի 20 հայց:
Հայցվորների թվում են՝ «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ» եւ «Ռիթմ Ֆարմ» («36.6» դեղատնային ցանց) ընկերությունները, ինչպես նաեւ ոչ ցանցային դեղատների սեփականատերերը: DataLex-ի համաձայն՝ մի շարք հայցերով արդեն դատական նիստերի օրեր են նշանակվել:
«Վագա Ֆարմ» ընկերության հայցերից մեկը վերաբերում է Կարվեդիլոլ դեղի ներմուծման արգելքին, երկուսը՝ դեղատներում չգրանցված դեղերի վաճառքի համար տուգանքին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Վագա Ֆարմի» տնօրեն Վահե Վարսանյանը հայտնեց, որ դեռեւս շարունակվում է իրենց հին՝ որոշ դեղերի ներմուծման արգելքի հետ կապված հայցերով դատավարությունը: Նա հավելեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքով գործնականում ահնար է դարձել դեղերի զուգահեռ ներմուծումը, եւ այս բոլոր վարչական միջոցառումները կարող են հանգեցնել նրան, որ իրենք պարզապես կդադարեն ԵՏՄ-ի շուկաներից դեղեր ներմուծել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Առողջապահության պետական տեսչությունը 45 կազմակերպություններում ստուգումներ է անցկացրել: Առողջապահության նախարարության տեղեկանքի համաձայն՝ ստուգումների արդյունքում Հայաստանում չգրանցված 196 անուն դեղ է հայտնաբերվել: 47 տնօրեններ տուգանվել են ընդհանուր 6,780,000 դրամի տուգանքով: 2017 թվականի փետրվարի 10-ի տվյալներով՝ այս գումարից վճարվել է 600 հազար դրամ:
Դեղատների սեփականատերերը, որոնք դատարանում տուգանքները վիճարկում են, չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է տուգանք վճարեն դեղերի համար, որոնք օրինական հիմունքներով ձեռք են բերել ներմուծողներից: Ներմուծողներն, իրենց հերթին, պնդում են, որ այդ դեղերը չգրանցված չեն, քանի որ կան դեղերի պետական գրանցամատյանում, որն էլ հենց պաշտոնական աղբյուր է համարվում: Առողջապահության նախարարությունում էլ պնդում են, որ անհրաժեշտ է առաջնորդվել Դեղերի փորձագիտական կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվությունով:
2016 թվականի դեկտեմբերի վերջին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը այս թեմայով լրագրողների հարցին պատասխանել էր, որ հանձնարարել է Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքը քրեականացնել: Դեղատների բողոքի առիթով էլ հայտարարել էր, որ կաշառք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվում են ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը:






