Հայաստանի շրջաններում աշխատող բժիշկների համար անհրաժեշտ է տրենինգներ կազմակերպել, որոնք կօգնեն նրանց որակավորման բարձրացմանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանը:
Նրա խոսքով՝ երկրի շրջանների եւ Երեւանի միջեւ մեծ տարբերություն կա՝ ինչպես բուժծառայությունների հասանելիության, այնպես էլ բուժաշխատողների որակավորման եւ գիտելիքների առումով: Ավելին՝ որոշ շրջանային կլինիկաներում կան շատ լավ սարքավորումներ, որոնք ձեռք են բերվել նաեւ արտասահմանյան դրամաշնորհներով, սակայն բավական սակավաթիվ են մասնագետները, որոնք կարող են այս սարքավորումներից օգտվել:
Մասնագետի խոսքով՝ շրջաններում բժիշկներ, իհարկե, կան, սակայն նրանց երբեմն պակասում են գիտելիքները եւ տրենինգները: Այս խնդիրը լուծելու եւ նրանց մակարդակը բարձրացնելու համար, Էլմասյանի կարծիքով, անհրաժեշտ է շրջանների բուժաշխատողների համար տրենինգներ կազմակերպել: Այս մասնագետների վերապատրաստումը, ի դեպ, ամենեւին պետք չէ պարտադիր ԱՄՆ-ում կամ այլ հեռավոր երկրներում անցկացնել: Ե՛վ Եվրոպայում, ե՛ւ Ռուսաստանում, նաեւ մի շարք հարեւան երկրներում շատ լավ մասնագետներ կան, որոնցից կարելի է շատ բան սովորել: Հայաստանի շրջանների մասնագետների վերապատրաստումը այս երկրներում դժվար եւ թանկ չի լինի, եւ դա կօգնի շրջաններում բժշկության մակարդակի բարձրացմանը:






