Նորովիրուսի խոշոր բռնկում է գրանցվել Քալիֆորնիայում, հայտնել են առողջապահության տեղական մարմինները: Վերջին 9 օրերին Քալիֆորնիայի Օքսնարդի Ռիո դպրոցական շրջանից ավելի քան 500 երեխաներ սրտխառնոցով եւ փսխումով դիմել են բուժօգնության: Հիվանդներին հետազոտելով՝ բժիշկները պարզել են, որ նրանց վատ ինքնազգացողությունը պայմանավորված է նորովիրուսով վարակմամբ:
Վենտուրայի շրջանի առողջապահության դեպարտամենտից ստիպված էին հաստատել հիվանդության խոշոր բռնկումը, որը տարածվել է տեղական ավելի քան 10 ուսումնական հաստատություններում: Աշակերտների ծնողներին ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով:
Նորովիրուսով վարակվելը շատ հեշտ է՝ այն փոխանցվում է սննդամթերքի, վարակված մարդկանց եւ կեղտոտ մակերեւույթների հետ շփվելու միջոցով: Գաղտնի շրջանը տեւում է 10 ժամից միչեւ 3 օր: Վարակումն արտահայտվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, փորացավերը եւ թուլությունը: Տկարությունն անցնում է սովորաբար 2-3 օրվա ընթացքում:






