Մինչեւ հունիսի կեսը կառավարության քննարկմանը կներկայացվի պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու համապատասխան փաթեթ։ Դրանում կնկարագրվի նախարարության տեսլականը առողջապահության ֆինանսավորման, բյուջեի ձեւավորման մասին։ Այս մասին ասել էթ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Միասին վերացնենք տուբերկուլոզը» թեմայով Աղվերանում կազմակերպված իրազեկման դասընթացների շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Նախատեսվում է 2022-2025թթ. առողջապահության բյուջեն մեծացնել 4-5 անգամ՝ դարձնելով 305մլրդ ՀՀ դրամ։  «Այս նախագիծն իրատեսական է, մի քիչ ավելի խորն ու մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելուց հետո այն կներկայացնենք հանրությանը»,­ասաց Լեւոն Ալթունյանը։

Նշվեց, որ եթե առողջապահության բյուջեն այժմ 85մլրդ ՀՀ դրամ է,  ապա 2022-2025թթ. կդառնա մոտ 100մլրդ ՀՀ դրամ։ Մնացած ավելի քան 200մլրդը նախատեսվում է ավելացնել այլ աղբյուրներից՝ ապահովագրական վճարներից, դրսի  ներդրումներից, բժշկական տուրիզմից, ինչպես նաեւ ծխախոտի թանկացումից ձեւավորված գումարներով։

Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, ապա նախատեսվում է 2017թ. ապահովագրական դաշտ վերադարձնել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչը՝ հաշվի առնելով, որ պետական կառավարման ներքո այդ փաթեթի գումարներն ավարտվում էին հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին։

«Այդ 90 հազար շահառուից հետո նույն ճանապարհով կգնան մյուս խմբերը», ­ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ինչպես արդեն բազմիցս նշվել է, աշխատանքներ են տարվում 2017թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ապահովագրական փաթեթ տրամադրել եւս 600 հազար բնակչի։ Նրանք «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում եւ հատուկ խմբերում ընդգրկված  քաղաքացիներն են, ովքեր այժմ օգտվում են պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական ծառայություններից։

«Սրա հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բժշկական պարտադիր ապահովագրությունը եւ բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքացիների համար»,­ընդգծեց Լեւոն Ալթունյանը։

Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի եւս։