ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի ոչ վարակիչ հիվանդությունների եւ  կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի  տնօրեն Գաուդեն Գալեային։ Նա Հայաստանում է համատեղ կազմակերպվող «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։

Գաուդեն Գալեան նշել է, որ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը տարածաշջանում առաջատարներից մեկն է։ Նա նաեւ ընդգծել է, որ այդ ոլորտում ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվորեն է համագործակցում  իր ղեկավարած կառույցի հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը կարեւորել է առողջ կենսակերպի, այդ թվում` ֆիզիկական ակտիվության մշակույթի ձեւավորման, ծխելու դեմ պայքարի, աղի սահմանափակման եւ համանման այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը եւ  մարդկանց գիտակցության վրա առավել ներգործուն մեթոդների կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առողջապահության նախարարությունը այդ ուղղությամբ առաջարկներ ներկայացնի ԱՀԿ փորձագետներին` նրանց կարծիքը եւ աջակցությունը ստանալու նպատակով։