Սկզբունքորեն պետպատվերը չի կարող օգոստոսին ավարտվել: Այս մասին մարտի 29-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` պետպատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումները կատարվում են տարեկան պայմանագրի համաձայն, սակայն ամսական կտրվածքով։ Դա նշանակում է, որ բոլոր հաշիվները ներկայացվում են յուրաքանչուր ամիս եւ վճարվում մինչեւ հաջորդ ամսվա 10-ը։ Այդ իսկ պատճառով պետպատվերը չի կարող ավարտվել տարեվերջից մի քանի ամիս շուտ, հավելեց նա:

Ինչ վերաբերում է տվյալ ամսին, ապա դա կախված է հիվանդների հաճախումից, եւ եթե ամսվա սկզբին հիվանդների հաճախումները գերազանցում են կանխատեսված թվից, ապա նրանց հերթագրում են հաջորդ ամսվա համար:

«Հերթագրման գրանցման պրակտիկան ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Օրինակ` Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրության շրջանակներում ողնաշարի վիրահատությանը մարդիկ 20-25 ամիս են սպասում: Մեզ մոտ այս խնդիրն այդքան սուր չէ, եւ խոսքը վերաբերում է հաջորդ ամիս հերթագրվելուն»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ 2017 թվականին առողջապահության պետական բյուջեն 85 մլրդ դրամ է կազմում, որից 67 մլրդ-ն ուղղված է ամբուլատոր եւ հիվանդանոցային բուժծառայությանը: Պետպատվերով ծառայություններ են մատուցում մոտ 450 բուժհաստատություններ: