Առողջապահության մեջ ստվերային շրջանառությունը կրճատելու համար մենք որոշեցինք գնալ զուտ տնտեսական ճանապարհով եւ պետպատվերի շրջանակում ծառայությունների գները վերանայում ենք բարձրացման ուղղությամբ: Մարտի 29-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նա պարզաբանեց, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար կսահմանվեն գրեթե նույնպիսի գներ, որոնք գործում են բյուջետային ծառայողների ապահովագրական պայմանագրերով: «Մի կողմից բուժաշխատողներին դա թույլ կտա իմանալ, որ իրենք իրենց աշխատանքի համար համարժեք, արդարացի աշխատավարձ կստանան: Մյուս կողմից` հիվանդը, տեղեկացված լինելով, որ իր համար պատշաճ չափով վճարված է, էմոցիոնալ առումով հանգիստ կլինի եւ ձեռքը գրպանը տանելու անհրաժեշտություն չի տեսնի»,- ասաց նախարարը:
Լեւոն Ալթունյանը պարզաբանեց, որ պետպատվերի գումարը սահմանափակ է, եւ բնակչության բոլոր խավերի համար առողջապահության մատչելիության մասին ԱՀԿ-ի հռչակած սկզբունքը հաշվի առնելով` քայլեր են արվում պետպատվերի կառուցվածքի վերանայման եւ բնակչության սոցիալապես անապահով խմբերի կշռի մեծացման ուղղությամբ:
«Ինչի՞ հաշվին է հնարավոր սա անել: Առաջին հերթին ծրագրերի եւ սոցիալական այն խմբերի վերանայման, որոնք այդ ծրագրերից օգտվելու իրավունք ունեն: Որպեսզի այս ընթացքում բնակչության մյուս հատվածը չտուժի, մենք կվերանայենք ապահովագրության մեր մոտեցումները եւ բնակչության սոցիալապես ապահով ու միջին խավերին կառաջարկենք ապահովագրություն ձեռք բերել եւ մասնակցել համավճարի սկզբունքով: Համավճարը գործում է նաեւ այսօր, մենք ուղղակի սահմանափակում ենք սոցիալապես անապահով խավերի կողմից կատարվող համավճարները: Նրանք բուժծառայություններից կօգտվեն բացառապես պետպատվերի շրջանակում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` այս միջոցառումները թույլ կտան մի կողմից բարձրացնել բուժծառայության որակը, իսկ մյուս կողմից` խուսափել ստվերային շրջանառությունից, ինչպես նաեւ համավճարի եւ ապահովագրության հաշվին մեծացնել առողջապահությանն ուղղվող միջոցները:
Պատասխանելով հարցին` փաստորեն, մինչեւ հիմա ստվերային շրջանառությո՞ւն է եղել եւ պետպատվերից օգտվել են մարդիկ, որոնց դա չէ՞ր հասնում, նախարարը հավաստիացրեց, որ նման դեպքեր չեն եղել:
«Այլ հարց է, որ կարգավորումն այնքան էֆեմերային է եղել, որ անհնար էր հասկանալ` այս կամ այն գումարն ուղղվում է միայն բնակչության սոցիալապես անապահով խավերի՞ բուժմանը, թե՞ վերաբերում է երկրի ամբողջ 3 մլն-անոց բնակչությանը: Խոսքն այն մասին է, որ մենք հիմա ցանկանում ենք հստակեցնել խաղի կանոնները եւ հստակ հայտարարել`այս 600 հազարը իրավունք ունի պետպատվերի շրջանակում լիովին սպասարկվելու, մյուսները, որպես հասարակության սոցիալապես ապահով եւ միջին խավերի ներկայացուցիչներ, պետք է սպասարկվեն համավճարի եւ ապահովագրական գումարների միջոցով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխությունների ներդրման ժամանակացույցին, ապա նախարարը նշեց, որ առողջապահության նախարարությունը ծրագրել է մինչեւ հուլիս կառավարությանը ներկայացնել սոցիալապես անապահովների փաթեթը: Պարտադիր բուժապահովագրության փաթեթը կառավարությանը կներկայացվի հավանաբար սեպտեմբերին, որպեսզի ուժի մեջ մտնի 2018 թվականից հետո:






