ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության դաշնային գործակալությունը (Food and drug administration, FDA) հավանություն է տվել առաջին դեղին, որը մշակվել է ագրեսիվ ցրված սկլերոզը բուժելու համար, որը կարճ ժամանակահատվածում հիվանդներին զրկում է շարժունակությունից:

Խոսքը Ocrevus դեղամիջոցի մասին է, որը հետազոտությունների ընթացքում դանդաղեցրել է ծանրագույն նյարդաբանական վիճակի պրոգրեսը եւ նվազեցրել է ախտանշանների արտահայտվածությունը: Չնայած ցրված սկլերոզի ավելի հաճախ հանդիպող ձեւերի դեմ իրենց արդյունավետությունն ապացուցած տասնյակից ավելի դեղամիջոցներ կան, առաջնային պրոգրեսիվ ցրված սկլերոզ կոչվող առավել ծանր տեսակը առայժմ չէր բուժվում:

Ocrevus դեղամիջոցը հավանություն է ստացել նաեւ ցրված սկլերոզի ռելապսիրովացվող ձեւի դեպքում, որի պրոգրեսն ավելի դանդաղ է ընթանում: Դեղամիջոցն անհրաժեշտ է տալ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներերակային ներարկմամբ: Հաշվի առնելով սպառման պոտենցիալ փոքր շուկան`շվեյցարական Genentech արտադրողը մտադիր է այս դեղը վաճառել ԱՄՆ-ում` տարեկան կուրսի 65 հազար դոլար գնով: Նման գին կվճարեն բժշկական ապահովագրություն չունեցող հիվանդները:

Ցրված սկլերոզի առաջնային պրոգրեսիվ ձեւը հիվանդների ախտանշանների կայուն վատացման է բերում` առանց նկատելի թուլացման: Ի դեպ, հիվանդության ամենատարծված ձեւը թուլացող հետեւանքներով ցրված սկլերոզն է, որի ժամանակ սրացումները փոխարինվում են ախտանշանների երկարատեւ թուլացումներով` նվազած արտահայտվածությամբ: Որոշ դեպքերում թուլացումները տարիներ են տեւում: