Չինաստանի Սիան քաղաքի վիրաբույժները կատարել են մարդու ականջի հաջող փոխպատվաստում, որն «աճեցվել» է մեկ տարի առաջ ճանապարհային պատահարից սաստիկ տուժած  Ցզի ազգանունով հիվանդի ձեռքի վրա: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Բժիշկները նշել են, որ օրգանի վերականգնման միջամտությունը երեք փուլով է իրականացվել. առաջին փուլում պլաստիկ վիրաբուժության մասնագետները տուժողի նախաբազկին են ընտելացրել մաշկի փոխարինիչը: Հաջորդ փուլում բժիշկները Ցզիի ազդրերից մեկից կռճիկի տարր են առանձնացրել` այս նյութից ականջի համար բնական «հիմք» ստեղծելով: Այնուհետեւ կռճիկը տեղադրվել է փոխարինիչի տակ, եւ սկսվել է դրանց սերտաճման պրոցեսը:

Վիրաբույժները դիմել են նաեւ 3D տպագրության օգնությանը, արդյունքում նրանց հաջողվել է լիարժեք ականջախեցի ստանալ: «Աճեցված» ականջի փոխպատվաստման վիրահատությունը 7 ժամ է տեւել: Բժիշկները պնդում են, որ ներկայումս կարված օրգանում արյան շրջանառությունը կարգավորվել է, ինչը վկայում է դրա կենսունակության մասին:

«Անկեղծ ասած, փոխպատվաստումը հեշտ խնդիր չէր`  մենք պետք է փոխպատվաստում կատարեինք կոնկրետ տեղում, ինչպես նաեւ ապահովեինք արյան անհրաժեշտ մատակարարումը, որ ականջը չմեռուկանար»,- լրագրողների հետ զրույցում ասել է պլաստիկ վիրաբույժ Հո Շուչժունը:

Նրա խոսքով` երկու շաբաթ հետո պատրաստվում են Ցզիին հիվանդանոցից դուրս գրել, եւ նա բն ականոն կյանքին կվերադառնա: