Չինացին 13 տարի ապրում է իսկական դժոխքում` պարանոցին սարսափելի ուռուցքի հետ: Ցավոք, նա իրեն չի կարող վիրաբուժական բուժում թույլ տալ:

Չինաստանի բնակիչ Վան Շիսիյանը հուսահատ խնդրանքով դիմել է բոլոր սրտացավ մարդկանց` օգնելու իրեն 100 հազար յուան հավաքել պարանոցի սարսափելի ուռուցքը վիրահատելու համար:

2004 թվականին նա աշխատանքի բերումով պարանոցի վնասվածք է ստացել, եւ իր շատ համերկրացիների նման որոշել է դիմել չինական ավանդական բժշկությանը: Սակայն այդ դեղամիջոցները անսպասելի կողմնակի էֆեկտ են ունեցել` Վանի պարանոցը 2 անգամ մեծացել է, եւ հիմա տղամարդն ուղղակի չի կարող բնականոն կյանքով ապրել: 55-ամյա չինացին օգնություն է խնդրում, քանի որ բուժման համար ինքնուրույն չի կարող նման գումար հավաքել: Իսկ առանց վիրահատության պարանոցի ուռուցքը շարունակում է աճել:

Վանը պարանոցը վնասել է շինհրապարակում եւ հորմոնալ թերապիայի կուրս է ստացել, որի ընթացքում նրա օրգանիզմ է ներարկվել հորմոնների զգալի չափաքանակ: Որոշ երկրներում այս եղանակով փորձում են բուժել նույնիսկ քաղցկեղը: Հորմոնալ թերապիան չի օգնել, հակառակը` նպաստել է վիթխարի լիպոմայի առաջացմանը, որը ճարպային բջիջներից կազմված դանդաղ աճող բարորակ ուռուցք է: Սեղմելիս լիպոման մաշկի տակ հեշտությամբ տեղաշարժվում է, այն հիվանդագին զգացումներ չի առաջացնում, վտանգավոր չի համարվում եւ մեծ մասամբ բուժում չի պահանջում:

Սակայն այս տղամարդու դեպքում ուռուցքը չափազանց մեծ է: Այն նրան խանգարում է բնականոն ապրել եւ բարդացնում է մյուս մարդկանց հետ շփումները: Պլաստիկ վիրաբույժները պատրաստ են այն հեռացնել, բայց դրա համար փող է պահանջվում: