Հայ մանկաբույժը պատվաստումների օգտակարության մասին մամլո ասուլիսին բերել էր Լուի Պաստերի գիրքը: Էլմիրա Մինասովան ցույց տվեց լրագրողներին 1931 թվականի տպագրության գիրքը՝ նշելով, որ հենց այս գիրքն է հսկա դեր խաղացել նրա՝ որպես բժիշկ կայացման մեջ: Նա հիշեցրեց, որ մարդկանց համար առաջին պատվաստանյութը, որը ստեղծել է Պաստերը, կատաղության դեմ էր, իսկ կատաղության դեմ ոչ մի բուժում գոյություն չունի եւ «ոչ մի հակաբիոտիկ չի կարող փոխարինել պատվաստմանը»:
Ըստ նրա, առաջին պատվաստումը, որ ստանում են երեխաները անմիջապես ծննդատանը՝ վիրուսային B հեպատիտի դեմ է, եւ որ դա շատ կարեւվոր պատվաստում է: «Որպես 42 տարվա փորձ ունեցող մանկաբույժ կարող եմ ասել, որ նախկինում մեզ մոտ ուղղակի հեպատիտ B-ի համաճարակ էր եւ ամեն ամիս 10-15 երեխա էր հիվանդանում, իսկ այն բանից հետո, երբ սկսեցինք կիրառել այս պատվաստումը, վերջին 4-5 տարում վիրուսային B հեպատիտի որեւէ դեպք չգիտեմ», -ասաց նա:
Ըստ մանկաբույժի գնահատականի, Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն է պատվաստումների օգտակարության մասին կարծիքին, եւ մայրերը պարբերաբար, ժամկետի սահմաններում իրենց երեխաներին պատվաստումների են բերում: Կան ծնողներ, ովքեր հրաժարվում են պատվաստումներից՝ օրինակ Եհովայի վկաները կրոնական նկատառումներով, սակայն նրանց մասնաբաժինը շատ փոքր է: «Պատվաստումներից օգուտը այնքան մեծ է, որ նույնիսկ եթե ռեակցիա առաջանա՝ իսկ ռեակցիան կարող է արտահայտվել տեղային կարմրությամբ, ջերմության բարձրացմամբ կամ հնարավոր է փոքր-ինչ ոտքը ձգվի, ապա դա համեմատելի չէ այն բանի հետ, որ երեխան հնարավոր է մահանա՝ պատվաստում չստանալու դեպքում», - նկատեց նա:
Բացատրելով՝ թե ինչ է պատվաստանյութը եւ ինչպես է այն աշխատում, բժշկուհին նշեց, որ եթե մարդը վարակվում է որեւէ վտանգավոր հիվանդության մանրէով, ապա դա կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների՝ ընդհուպ մինչեւ մահ: Իսկ եթե փոքրացնել վիրուլենտությունը՝ թուլացնել մանրէի ուժը մի քանի անգամ, ապա այդպիսի թուլացած մանրէն օրգանիզմ ներմուծելիս առաջանում է ամուր կայունություն տվյալ հիվանդության հանդեպ: «Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է պատվաստումներ ստանալ»,- եզրակացրեց նա՝ ավելացնելով, որ իր բժշկական փորձի ընթացքում չի բախվել պատվաստման որեւէ վտանգավոր բարդության հետ: Միայն մեկ անգամ երեխայի մոտ ձեռքն է այտուցվել ԲՑԺ պատվաստանյութից:
Էլմիրա Մինասովան թվարկեց պատվաստումները, որոնք ստանում են երեխաները Հայաստանում օրացույցի համապատասխան. ծնվելուց 24 ժամ հետո երեխան ստանում է պատվաստանյութ ընդդեմ հեպատիտ B-ի, 48 ժամ հետո՝ ԲՑԺ, ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ 6 շաբաթական հասակում պոլիկլինիկայում ստանում է հնգավալենտ պատվաստանյութ ընդդեմ դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, գրիպի եւ հեպատիտ B-ի:






