Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկա են գտնվել Tufenkji Group դեղագործական գործարանի բացմանը։

Ձեռնարկության մեջ ներդրում անողները սիրիահայ դեղագործներ են ու գործարարներ, որոնք հիմա ապրում են երկրի սահմաններից դուրս։

Գործարանն արտադրում է տարատեսակ՝ ցավազրկող, ճնշումն իջեցնող դեղամիջոցների ջեներիկներ ու սննդային հավելանյութեր։

Ներդրողները արդեն մոտ 1․5 մլն դոլար են ներդրել ձեռնարկության մեջ։ 2017-ին ձեռնարկությունը մտադիր է արտադրել 350-400 հազար դոլարի արտադրանք։ Արտադրությամբ զբաղվում է 20-25 մարդ։ Այդ թիվն ընկերությունը մտադիր է հասցնել 50-60-ի։

Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է ձեռնարկության գործադիր տնօրեն Կառլո Գասպարյանը, առաջիկա 5 տարիներին ընկերությունը մտադիր է յուրացնել հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրությունը։

Ընկերության համար իրացման հիմնական շուկան կդառնան արաբական երկրները՝ Սիրիան, Հորդանանը, Լիբանանը, Եմենը, Լիբիան, Ալժիրը։ «Մենք երկար ժամանակ աշխատել ենք այնտեղ ու լավ գիտենք շուկան։ Այդ երկրներում պահանջարկ կա»,- ասում է նա։