Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երեխաների մոտ մեկ քառորդի մոտ զարգանում է զառանցանք։ Այս մասին են վկայում միջազգային առաջին խոշոր հետազոտության արդյունքները, հայտնում է Reuters –ը։ Զառանցանքի զարգացման տարածվածությունը գրեթե կրկնապատկվում է այդ բաժանմունքում պառկելուց հինգ օր հետո։

«Այս վիճակը ավելի տարավծված է, քան առաջ էր համարվում,- ասում է բժիշկ Չանի Տաուբեն, Նյու Յորքի Ուեիլ Քորնել ԲԿ-ի մանկական ռեվմատոլոգը,- Բուժանձնակազմը պետք է զառանցանքի զարգացմանը հետեւի ամեն օր, ինչպես նրանց ջերմաստիճանի բարձրացմանն է հետեւում»:

«Շատ ավելի հեշտ է բուժել վաղ դելիրիումը, քան պայքարել դելիրիումի դեմ, որն արդեն մի քանի օր է տեւում»,- նշել է բժիշկ Տրաուբեն։

Տրաուբեն իր գործընկերների հետ հետազոտություն է արել ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում ու Սաուդյան Արաբիայում ինտենսիվ թերապիայի 25 բաժանմունքների մշտադիտարկման հիման վրա։ Երեխաների զառանցանքային վիճակը ստուգել են Քորնելի սանդղակ կոչվող թեստի միջոցով։

Երեխաները ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մնացել էին 2-9 օր, միջինը՝ 6 օր։ Զառանցանքի առաջացման ռիկսը բարձրանու մ էր արդեն հինգերորդ օրվանից հետո։ Իսկ վեց օրից երկար այդ բաժանմունքում մնացող երեխաների շրջանում զառանցանքային վիճակի հաճախությունը կազմում էր 38 տոկոս, ինչը Տրաուբեի խոսքով «ցնցել էր իրեն»։

Հիմնականում ՝ 42 տոկոսի դեպքում զառանցանքը զարգանում էր այն երեխաների մոտ, որոնք հայտնվել էին այդ բաժանմունքում ինֆեկցիայով կամ բորբոքային պրոցեսով։

Մյուս գործոններից են եղել 2 տարեկանից փոքր տարիքը, թոքերի մեխանիկական օդափոխությունը, բենզոդիազեպին տրանկվիլիզատորների ու քնաբերների գործածումը, ֆիզիկական սահմանափակումները ու հակաէպիլեպսիկ դեղորայքներով բուժումը։

«Միանգամայն ակնհայտ է, որ կան երեխաներ, որոնք մյուսներից շատ են հակված զառանցանքային վիճակի զարգացմանը,նման ռիսկի խմբերը պետք է տարբերակել բաժանմունք ընդունվելու պահին»,- համարում է բժիշկ Տրաուբեն։