Optune կոչվող սարքը ավելի քան 2 անգամ (5-ից մինչեւ 13 տոկոսով) մեծացնում է բազմաձեւ գլիոբլաստոմայով հիվանդների ողջ մնալու հավանականությունը: Այս մասին գիտնականները հայտնել են Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայում (American Association for Cancer Research) հանդիպման ժամանակ:
Գլիոբլաստոման ուղեղի առավել չարորակ ուռուցք է, որը հաճախ է ռեցիդիվներ ունենում: Ուռուցքի վիրաբուժական հեռացումը՝ հաջորդող ճառագայթային եւ քիմիաթերապիայով հիվանդների ողջ մնալու տեսակետից սահմանափակ արդյունք է տալիս, այդ պատճառով նրանց կյանքի տեւողությունը երկարացնող ցանկացած մշակում մեծ նշանակություն ունի:
Optune սարքի էլեկտրոդներն ամրացվում են հիվանդի սափրած գլխին եւ էլեկտրական դաշտեր են ստեղծում, որոնք, ինչպես ասում են սարքը ստեղծողները, քաղցկեղային բջիջները վերացնում են: Անհրաժեշտ է «գլխարկը» հագնել օրական մոտ 18 ժամ: Վերջին փորձարկումների ընթացքում Optune-ը հիվանդների ողջ մնալու միջին տեւողությունը մեծացրել է 5 ամսով՝ 16-ից մինչեւ 21 ամիս:
Փոփոխական էլեկտրական դաշտերով (հակաուռուցքային դաշտերով կամ ինչպես մշակողներն են անվանում՝ TTFs-ով) գլիոբլաստոմայի բուժման տեխնոլոգիան ստեղծել է Novocure ընկերությունը: Ըստ էության, ուռուցքի բջիջների վրա փոփոխական էլեկտրական դաշտով ներգործելով՝ դրանց մեջ կարելի է առաջացնել լիցքավորված կենսաբանական մակրոմոլեկուլների (ինչպիսին են սպիտակուցները եւ նուկլեինաթթուները) քաոսային շարժումներ, ինչը խոչընդոտում է բջջիջների կիսվելու նորմալ ընթացքին եւ ապոպտոզ է գործարկում:
Նման բուժման բացասական կողմը բարձր արժեքն է՝ ամսական մոտ 21 հազար դոլար:






