Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են թխկու օշարակի անսպասելի հատկություններ՝ հակաբիոտիկների ազդեցության ուժեղացում: Այս մասին մասնագետները հայտնել են Ամերիկյան քիմիական միության 253-րդ Ազգային հանդիպման եւ ցուցահանդեսի ժամանակ:
McGill University-ի հետազոտող Նաթալի Թուֆենկժին թխկու հակամանրէային էֆեկտը հետազոտելիս տեղեկություն է հայտնաբերել, որ թխկու օշարակը հակաքաղցկեղային հատկություններ ունի: Մասնագետը որոշել է ստուգել՝ արդյոք այն օժտվա՞ծ է նաեւ հակամանրէային ազդեցությամբ: Պարզվել է, որ օշարակի հյութն ինքնին անօգուտ է, բայց կարող է 10 անգամ մեծացնել հակաբիոտիկների ակտիվությունը:
Նա ստուգել է թխկու օշարակի եւ հակաբիոտիկների (ցիպրոֆլոկսացինի եւ կարբենիցիլինի) համատեղ ազդեցությունը բակտերիաների 3 խմբի վրա՝ E. coli (աղիքային ցուպիկ), Proteus mirabilis (պատասխանատու է որոշ միզասեռական ինֆեկցիաների համար) եւ Pseudomonas aeruginosa (մարդու մոտ ներհիվանդանոցային ինֆեկցիաների հարուցիչ):
Պարզվել է, որ մանրէների ոչնչացման համար Կանադայում տարածված նյութի օգտագործումը թույլ է տալիս մինչեւ 90 տոկոսով նվազեցնել հակաբիոտիկների չափաքանակը: Գիտնականներն իրենց դիտարկումները հաստատել են մրգաճանճերի եւ ուտիճների թրթուրների վրա կատարած փորձերով, որոնց վարակել են բակտերիալ ինֆեկցիայով: Բուժման մեջ թխկու օշարակի արդյունավետությունը գիտնականները բացատրում են այն հանգամանքով, որ հակաբիոտիկների համար մեծացնում է բակտերիաների բջիջների պատերի անցանելիությունը:
Մասնագետների ենթադրությամբ՝ հակամանրէային բուժման մեջ թխկու օշարակի օգտագործումը կարող է հակաբիոտիկների չափաքանակի նվազեցման հանգեցնել: Սա նշանակում է, որ բակտերիաների մեջ ավելի հազվադեպ կմշակվի հակաբիոտիկներով բուժման նկատմամբ կայունությունը:






