Այսօր քաղաքային պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր են ընկալվում, արդյունքում շտապբուժօգնության կանչերը շատանում են, հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը ավելանում է, իսկ պոլիկլինիկաների հաճախումները` նվազում։ Այս մասին ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ապրլի 2-ին Երեւանի թիվ 17 պոլիկլինիկա այցելելու ժամանակ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետեւ որոշակի ծառայություն են ստանում։ Արդյունքում, շտապբուժօգնության կանչերը 2013-ին նախորդ տարվա համեմատությամբ 23 հազարով ավելացել են, հիվանդանոցային թանկարժեք մահճակալները ծանրաբեռնվում են, իսկ պոլիկլինիկաների հաճախումները` նվազում։ Ինձ խիստ մտահոգում է, որ այս օղակը ետ է մնում։ Միասին փորձենք ճանապարհներ գտնել։ Ի՞նչ անենք, որ պոլիկլինիկաները նախկինի պես հրապուրիչ լինեն, որ վերականգնվի ազգաբնակչության առողջության պահպանման հիմնական օղակի բուն գործառույթը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Ֆինանսավորման գործող մեխանիզմով ընտանեկան բժիշկները զգալի բարձր են վարձատրվում, սակայն 17 պոլիկլինիկայի տեղամասային 37 բժշկից միայն 5-ն է աշխատում որպես ընտանեկան բժիշկ։
«Ընտանեկան բժշկի ինստիտուտը հրաշալի գործում է հանրապետության 900-ից ավելի գյուղական բնակավայրերում։ Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները հաջողությամբ իրականացնում են իրենց բոլոր գործառույթները եւ շատերը մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Ինչպես անենք, որ ընտանեկան բժշկի անկախ գրասենյակներ գործեն նաեւ մայրաքաղաքում»,-նշեց նախարարը։ Նա հորդորեց այս առթիվ առաջարկներ ներկայացնել։
Դերենիկ Դումանյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է նախարարությունում մշակված պոլիկլինիկական ծառայության օրինակելի մոդելը։
«Հետզհետե նոր քայլեր կձեռնարկենք, որ վերականգնենք առաջնային օղակի բժշկի հանդեպ եղած երբեմնի հարգանքն ու վստահությունը, եւ մարդիկ չշրջանցեն այս ծառայությունը։ Պիտի ձգտենք, որ բժիշկն իր աշխատանքին համապատասխան վարձատրվի։ Այդ ժամանակ էլ ես որպես նախարար ինձ բավարարված կզգամ»։






