Հեղափոխական դեղը կարող է փոխել միլիոնավոր կանանց կյանքը՝ կլիմաքսի ընթացքում գրեթե երեք քառորդով կրճատելով հորդացումը եւ գիշերային քրտնարտադրության քանակը: Բրիտանացի գիտնականները ներկայացրել են կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ այս դեղամիջոցը կարող է դաշտանադադարի ախտանշանների այլընտրանքային բուժում լինել:

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները հավաստիացնում են, որ ամենօրյա ընդունման հաբերը շատ կանանց հույս կտան, որոնք անվտանգության պատկերացումներից ելնելով չեն կարող հորմոնափոխարինիչ թերապիա անցնել: Հետազոտողներն ընդգծում են, որ գեղեցիկ սեռի մեծ թվով ներկայացուցիչներ հետկլիմաքսային ժամանակաշրջանում «միայնակ են տառապում», քանի որ հատուկ ընտրության հնարավորություն ուղղակի չունեն: Սակայն նոր դեղը կարող է օգնել խնդրի լուծմանը:

AstraZeneca ընկերության մշակած դեղը դեռեւս հայտնի է MLE4901 աշխատանքային անվամբ: Փորձով պարզվել է, որ հաբերը միջինը 73 տոկոսով կրճատում են հորդացման եւ գիշերային քրտնարտադրության քանակը՝ նվազեցնելով նաեւ դրանց արտահայտվածությունը եւ տեւողությունը:

Կանանց մոտ դաշտանադադարը սովորաբար սկսվում է մոտ 50 տարեկանում, այն զարգանում է այն պահին, երբ օրգանիզմը դադարում է էստրոգեն հորմոն արտադրել: Սա մի շարք աշխտանշաններ է առաջացնում՝ ներառյալ տրամադրության վայրիվերումները, հոդացավերը, նաեւ կենտրոնացման նվազումը: Սակայն ամեմնատարածված ախտանշանները, որոնց կանանց 70 տոկոսը բախվում է դաշտանադադարից հետո, հորդացումն ու գիշերային քրտնարտադրությունն է: Մի քանի տասնամյակ շարունակ հորմոնափոխարինիչ թերապիան այս ախտանշանների բուժման գլխավոր մեթոդն էր, սակայն կանանցից շատերը դեղերից հաժարվում էին բժշկական պատկերացումներից ելնելով եւ բուժող բժիշկների խորհրդով:

Նոր դեղամիջոցը դաշտանադադարի ախտանշանների խնդրի լուծմանը այլ կերպ է մոտենում, քան հորմոնափոխարինիչ թերապիան: MLE4901-ն աշխատում է ուղեղում այն ռեցեպտորի արգելափակման հաշվին, որը կապված է հորդացումների հետ: Իսկ սա նշանակում է, որ տվյալ հաբը ազդում է միայն մեկ ախտանիշի վրա, այլ ոչ թե դրանց ամբողջ շարքի: Բայց քանի որ հորդացումները դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններն են, ապա դեղը կօգնի մեծ թվով կանանց: