Ինհալյատորի օգտագործումը կարող է կանանց շրջանում ճարպակալման առաջացման պատճառ լինել, պարզվել է Erasmus Medical Center-ի (Ռոտերդամ) հետազոտությամբ: Գիտնականների կարծիքով՝ ավելորդ քաշի ավելացում են առաջացնում պարունակվող կորտիկոստերոիդային նյութերը:

Կանանց շրջանում մեծանում է մետաբոլիկ համախտանիշի առաջացման հավանականությունը. այս ընդհանուր տերմինը միավորում է մի շարք խանգարումներ, ինչպիսին են հիպերտոնիան, ավելորդ քաշը եւ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը: Մետաբոլիկ համախտանիշը մեծացնում է սրտային հիվանդությունների, նաեւ 2-րդ տիպի դիաբետի եւ արյունատար անոթների այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ի դեպ, հետազոտությամբ պարզվել է, որ կորտիկոստերոիդներ պարունակող ինհալյատորների օգտագործման հետեւանքով այս համախտանիշը սպառնում է բացառապես կանանց: Ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում համանման կողմնակի էֆեկտներ չեն դիտվում:

Կորտիկոստերոիդները լայնորեն կիրառվում են հակաբորբոքային դեղամիջոցներում, որոնք թողարկվում են որպես հաբեր, ռնգային սփրեյ, ներարկումների միջոց, կրեմներ եւ ինհալյատորներ: Եթե անհաժեշտ է կորտիկոստերոիդները շնչել, ապա համանման կարգի դեղերն ավելի հաճախ  կիրառվում են ասթմայի եւ թոքային այլ հիվանդությունների ախտանշանների դեմ պայքարելու համար: Վերջին 10 տարիներին գիտնականները հետազոտում են ինհալյատորների անվտանգության հարցերը: Նոր հետազոտությամբ պարզվել է, որ դրանք կարող են կանանց առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ: Ինհալյատորները հատկապես վտանգավոր են այն կանանց համար, որոնք արդեն իսկ գտնվում են մետաբոլիկ համախտանիշի առաջացման սպառնալիքի հետ կապված ռիսկի խմբում:

Գիտնականներն իրենց եզրակացությունները կատարել են 140,879 կամավորների առողջության հետազոտման հիման վրա: Նրանցից 10 տոկոսից փոքր-ինչ ավելին կորտիկոստերոիդներ է օգտագործել, իսկ այս խմբում 50 տոկոսը ինհալյատորներ է կիրառել: Հետազոտության մասնակիցներին խնդրել են մտաբերել, թե իրենք որքան հաճախ են դիմել դեղերի օգնությանը: Նրանց մոտ ստուգվել է նաեւ մետաբոլիկ խանգարման ախտանշանների առկայությունը: Պարզվել է, որ ինհալյատորներ օգտագործող կանանց շրջանում այս խանգարման առաջացման հավանականությունը 1.4 անգամ մեծ է եղել: