Հզոր դեղամիջոցները, որոնք խթանում են իմունային համակարգը, կարող են ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Սակայն վերջին երկու հետազոտություններով ենթադրություն է առաջ քաշվում, որ այս բուժումները, որոնք PD-1 ինհիբիտորներ են կոչվում, կարող են որոշ հիվանդների համար տհաճ հետեւանքներ ունենալ՝ արագացնելով քաղցկեղի տարածումը: Հիմա գիտնականները ցանկանում են պարզել դրա պատճառը:
ԱՄՆ-ի Johns Hopkins Kimmel Cancer Centre քաղցկեղի կենտրոնի գիտնականները հայտնել են, որ քաղցկեղի բուժումը կարող է հակառակ արդյունք ունենալ: Խոսքը, մասնավորապես, PD-1 ինհիբիտորի օգտագործման մասին է:
Վերջին հինգ տարիներին իմունոթերապիան քաղցկեղային ծանր հիվանդությունների բուժման ոլորտում մեծ առաջընթաց է ունեցել: Չնայած այս առաջընթացն ուղեկցվում է կողմնակի ծանր էֆեկտներով, PD-1 ինհիբիտորի անցանկալի էֆեկտները մյուսների համեմատությամբ պակաս վնասաբեր են: Այս պատճառով բժիշկները PD-1 ինհիբիտորներ են նշանակում այն օնկոհիվանդներին, որոնք բուժման մյուս բոլոր մեթոդները փորձել են: Սակայն հիմա մասնագետները հայտարարում են, որ այս միջոցների կիրառումը կարող է կապված լինել մի շարք կողմնակի էֆեկտների հետ: Նրանց ենթադրությամբ՝ դեղերը կարող են «ակտիվացնել» «աճի գործոններ» կոչվող սպիտակուցները, որոնք խթանում են քաղցկեղային ուռուցքների աճը:
«Հետազոտություններով հայտնաբերվել են ինհիբիտորների հատկություններ, որոնք քաղցկեղը խթանում են հազվագյուտ գենետիկ փոփոխությունների հաշվին: Հավանաբար դեղերն ակտիվացնում են աճի գործոնի կարգի սպիտակուցները, որոնց շնորհիվ էլ տեղի է ունենում ուռուցքների զարգացումը»,- ասել են գիտնականները:






