Բրիտանացի հնէաբան Ջեյմս Քոուլը հաշվել է մարդակերի սովորական սննդակարգի կալորիաները եւ այն եզրակացության հանգել, որ ո՛չ ժամանակակից մարդակերները, ո՛չ հնագույն մարդիկ չէին կարող իրենց նմանին ուտել բացառապես հանուն գաստրոնոմիական նպատակների: Այս մասին նշված է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ վկայություններ են գտել, որ Եվրոպայի առաջին բնակիչները կարող էին սնվել թշնամիների կամ ցեղակիցների մսով: Օրինակ՝ անցյալ տարի հնէաբանները հայտնաբերել են, որ Մարիլյակի քարանձավների նեանդերթալացիները, չգիտես ինչու, շիկացրել են նոր մահացած ցեղակիցների ոսկորները եւ նրանց վերջույթներն իրանից առանձնացրել են:
Այդուհանդերձ, այս հարցը բանավեճի թեմա է, քանի որ գիտնականներից շատերը կարծում են, որ համանման վնասվածքները կարող էին հուղարկավորության ծիսակարգերի մաս լինել: Վերջերս հայտնի հնագենետիկ եւ հնէաբան Յոհանես Կրաուզեն Իսպանիայի հյուսիսում գտնվող քարանձավներից մեկում նեանդերթալացիների շրջանում մարդակերության առաջին միանշանակ վկայություններն է գտել՝ հնագույն մարդկանց ոսկերների ամբողջ բլուր հայտնաբերելով, որոնք «խոհարարական» մշակման հետքեր են ունեցել:
Բրայթոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հնէաբան Ջեյմս Քոուլը որոշել է պարզել, թե նեանդերթալացիները եւ ենթադրաբար՝ նաեւ կրոմանյոնյան մարդիկ ինչո՞ւ էին կարող իրենց նմաններին ուտել՝ նման սնունդի բացառապես գաստրոնոմիակա՞ն որակի, թե՞ որեւէ այլ պատճառներով:
Նոր Գվինեա կղզու եւ աշխարհի այլ անկյունների մարդակերների ցեղերն այսօր մարդկանց միսը, ուղեղը եւ մյուս հյուսվածքներն ուտում են բացառապես ծիսակատարությունների նպատակներով, այլ ոչ թե ուտելիքի անբավարարության պատճառով, եւ բացառված չէ, որ համանման պրակտիկա է գոյություն ունեցել նաեւ նեանդերթալացիների ու կրոմանյոնցիների շրջանում:
Չորս կամավորներից տարբեր հյուսվածքների նմուշներ վերցնելով՝ բրիտանացի գիտնականը հաշվել է այդ նմուշներում սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի քանակը եւ մարդու մարմնի յուրքանչյուր մասի համար յուրատեսակ «սննդային արժեքի քարտեզ» կազմել: Այն օգտագործելով՝ նա հաշվել է մարդուն հատուկ սննդային արժեքը եւ համեմատել կենդանիների համանման արժեքի հետ, որոնց մնացորդները հայտնաբերել են մարդակերների քարանձավներում:
Հաշվարկները ցույց են տվել, որ մարդը շատ ավելի պակաս կալորիական է եղել, քան նեանդերթալացիների սեղանի գլխավոր ճաշատեսակի նրա հնարավոր «մրցակիցները»: Մեծահասակ տղամարդը միջինում մոտ 32 հազար կիլոկալորիա է «պարունակում», որը նորմալ ցուցանիշ է «միջին» չափերի կենդանու համար, ինչպիսին են կուղբերը, վայրի այծերը կամ փորսուղները:
Մյուս կողմից՝ վարազները եւ խոշոր եղջերավոր կճղակավոր կենդանիները որսորդին կարող էին ապահովել 10-20 անգամ ավելի շատ սնուցող նյութով՝ վայրի ձիերի դեպքում 200 հազար կիլոկալորիայից մինչեւ նախնադարյան ցլերի դեպքում 980 հազար կիլոկալորիա: Մամոնտների միսը պարունակել է 100 անգամ ավելի շատ կիլոկալորիա, քան մարդու կամ նեանդերթալացու մկանները: Եթե նույնիսկ հաշվի առնենք ճարպը, ոսկրածուծը եւ մարմնի ուտելի այլ հատվածները, 25 նեանդերթալացիներից կազմված ցեղախումբը մեկ մարդու մսով եւ ճարպով ընդամենը կես օր կկարողանար ապրել, մինչդեռ մեկ մամոնտը, ցուլը կամ բրդոտ ռնգեղջյուրը ցեղին կկարողանար սնել առնվազն 10 օր կամ նույնիսկ ամբողջ ամիս:
Քոուլի կարծիքով՝ այս ամենը չափազանց կասկածելի է դարձնում, որ նեանդերթալացիները կարող էին մարդակերներ լինել բացառապես գաստրոնոմիական պատճառներով՝ դա ե՛ւ վտանգավոր, ե՛ւ էներգետիկ տեսակետից ավելի պակաս ձեռնտու կլիներ, քան սառցային ժամանակաշրջանում Եվրոպայի մեգաֆաունայի որսը:
Այդ դեպքում ինչո՞ւ են նեանդերթալացիներն, այնուամենայնիվ, մարդակերներ եղել: Քոուլի կարծիքով՝ նրանք դա կարող էին անել ծիսակատարաությունների կամ սոցիալական նպատակներով՝ իշխանական բուրգում տեղի պայքարի ժամանակ, կամ նրանք պարզապես տարբերություն չեն դրել մսի աղբյուրների միջեւ՝ սնվելով մարդու մսով այն ժամանակ, երբ իրենց ցեղակիցները մահացել են կամ հանդիպել են ցեղակիցների մարմիններին:






