Շուտով Հայկական ակնաբուժական նախագծի ծրագրով Հայաստան կմատակարարվեն վիրտուալ մուլյաժներ՝ նեոնատոլոգների վերապատրաստման համար: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը:

Հիմա բժիշկներն իրենց գիտելիքները եւ հմտությունները տեսականորեն են գնահատում: Նրանց պրակտիկ իրադրությանը մոտենալուն կօգնի ժամանակակից ծրագրային համալիրը:

«Նշեմ, որ դրանք շատ բարդ են եւ թանկարժեք: Այդ պատճառով դրանց տեղադրման վայրի հարցը կհամաձայնեցնենք դոնորի հետ: Եթե հաշվի առնենք, որ դրանց վրա սովորելու են մասնագետները, ապա հնարավոր է, որ տեղադրենք Բժշկական համալսարանում»,- նշեց Կալենտերյանը:

Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը 2010թ․-ից համագործակցում է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի հետ՝ աջակցելով վերջինիս՝ իրականացնել ծրագրեր՝ միտված Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավմանը։