Շուտով Հայաստանում կհաստատեն նեոնատալ բուժօգնության եւս 27 նոր ուղեցույցներ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը՝ մեկնաբանելով USAID-ի «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» ծրագրի կատարման ընթացքը:

Ծրագրով արդեն կազմվել եւ հաստատվել են 24 ուղեցույցներ՝ հիվանդաբանական տարբեր միավորների համար:

«Ուղեցույցները աշխատանքային հրահանգներ են նեոնատոլոգների, բուժքույրերի, մանկաբարձների եւ բոլոր նրանց համար, ովքեր ծնունդ են ընդունում եւ փոքրիկի խնամքով են զբաղվում: Նախկինում մենք նման ուղեցույցների մասնակի ժողովածու ունեցել ենք: Այս ծրագիրը կօգնի ընդլայնել նրանց գրադարանը»,- հայտարարեց Կալենտերյանը:

Արտասահմանյան ուղեցույցները հարմարեցնելով՝ դրանք տեղայնացնում են տեղական հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը հաշվի առնելով: Դրանից զատ, դրանք կողմնորոշում են նաեւ տեսանելի ապագայում առաջընթացի համար:

Նշված 24 ուղեցույցները բաժանվել են բուժհաստատություններին: Այս տարի կավարտվեն վերստուգիչ այցերը հիվանդանոցներ՝ ստուգելու համար փոխանցած գիտելիքների արդյունավետությունը:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում նեոնատալ մահացությունը կազմել է հազարից մոտ 8 դեպք (5-6 տարում այն նվազել է 14-15-ից):