Անսովոր օնլայն թեստը ամերիկացի գիտնականներին օգնել է պարզել, որ մեծացված ստորին շրթունքը եւ վերինի ձեւի փոփոխությունը սովորաբար ոչ թե լավացնում, այլ վատացնում է դրանք ունեցողների կերպարը: Այս մասին նշված է JAMA Facial Plastic Surgery ամսագրում հրապարակված հոդվածում:

Մարդու արտաքինը մեծ դեր ունի, այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի վրա, այլեւ կարիերայի եւ հասարակության մեջ դիրքի: Դա շատ մարդկանց, հատկապես թույլ սեռի ներկայացուցիչներին ստիպում է պլաստիկ վիրահատությունների միջոցով արտաքինը փոխել: Նման կարգի ամենատարածված միջամտություններից մեկը շրթունքների մեծացումն է: Սակայն այն ոչ միշտ է ցանկալի արդյունք ունենում, շատ տղամարդկանց «սիլիկոնային շրթունքներով» կանայք ավելի քիչ են դուր գալիս, քան մինչեւ վիրահատությունը:

Բիրմինգեմի (ԱՄՆ) Ալաբամայի համալսարանի գիտնական Սան Կիմը եւ Սիրակյուզ  քաղաքի (ԱՄՆ) Natural Face հիվանդանոցից նրա գործընկեր Դենիել Ռուսոն որոշել են պարզել, թե հատկապես ինչն է ուժեղ սեռին վանում եւ ինչպես է հնարավոր սխալներից խուսափել: Այս նպատակով գիտնականները մոտ 100 տղամարդուց եւ կամավոր կանանցից կազմված խումբ են հավաքել եւ նրանց միեւնույն աղջկա շրթունքների մի քանի տասնյակ  լուսանկարներ են ցուցադրել, որոնք մեծացվել են ֆոտոխմբագրման ծրագրի օգնությամբ

Ռուսոն եւ Կիմն ասել են, որ այս լուսանկարների մեծ մասում իրենք փոխել են միայն շրթունքների որոշ հատվածները: Յուրաքանչյուր այդպիսի հատվածի չափերի փոփոխությունն աղջկա դեմքի գրավչության վրա տարբեր կերպ է ազդել՝ շրթունքների որոշ հատվածների մեծացումը, օրինակ՝ ամբողջ վերին շրթունքի, գրեթե վանում չի առաջացրել, մինչդեռ շրթունքների որոշ այլ հատվածների չափերի գրեթե աննկատելի փոփոխությունները չափազանց բացասական արձագանք են առաջացրել: