Իր ախտորոշման մասին, անկախ նրանից, թե ինչպիսին է այն, առաջինը պետք է իմանա հենց հիվանդը, որից հետո նա կարող է որոշել, թե ում հայտնել այդ մասին։ Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է ՝ շատ ախտորոշումների մասին, մանավանդ եթե խոսքը ծանր, կյանքին սպառանցող հիվանդությունների մասին է, բժիշկները հայտնում են ոչ թե հիվանդներին, այլ նրանց հարազատներին, ինչը օրենքի խախտում է։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է իրավաբան Վիոլետա Զոփունյանը «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ից
Իրավաբանի խոսքով, Հայաստանում հաճախ ուռուցքաբանական հիվանդության մասին իմանում են նախ հիվանդի ազգականները, նույնիսկ հարեւանները, իսկ հիվանդն ինքը կարող է այդպես էլ չիմանալ, թե ինչով է հիվանդ, ու ինչ է իրեն սպասում ապագայում։ Դա, մասնագետի խոսքով, խախտում է հիվանդի իրավունքները։
Ոմանք հավաստիացնում են, որ այդ մոտեցման մեջ ոչ մի վատ բան չկա՝ գուցե հիվանդը վշտանա, եթե իմանա իր ախտորոշման մասին։ Սակայն դա, իրավաբանի կարծիքով, ամենեւին էլ պատճառ չէ նրանից ախտորոշոմը թաքցնելու համար՝ նախ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչի հետ գործ ունեն, ավելի լուրջ են վերաբերվել իրենց բուժմանն ու ավելի արդյունավետորեն պայքարել հիվանդության դեմ։ Երկրորդ, մարդը, մասնագետի խոսքով․ իրավունք ունի իմանալ, թե ինչով է հիվանդ ու ինչ ապաքինման հեռանկարներ ունի՝ եթե ապաքինման հեռանկարները քիչ են, մարդն իրավունք ունի որոշել, թե ինչպես է ուզում տնօրինել իր կյանքի վերջին ամիսներն ու շաբաթները։
Վիոլետա Զոփունյանի կարծիքով, Հայաստանում հիվանդների իրավունքների ավելի արդյունաետ պաշտպանության համար անհրաժեշտ է մի շարք ենթաօրենսդրական ակտեր ընդունել, որոնք հստակ կսահմանեն բժիշկների ու հիվանդների իրավունքներն ու պարտականությունները ու ցույց կտան, թե հատկապես ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն բժշկական գաղտնիքի խախտման համար։
Բացի դրանից, որպեսզի օրենքները ճիշտ աշխատեն, հիվանդներն իրենք պետք է լավ իրազեկված լինեն ու իմանան իրենց իրավունքների մասին այն ամենը, ինչ կարելի է իմանալ։ Մասնագետը նշեց, որ եթե հիվանդը բուժաշխատողներից պահանջի ճշմարտությունը, վերջինների համար ավելի հեշտ կլինի շփվել նրանց հետ ու գտնել անհրաժեշտ տեղեկությունը նրանց հայտնելու ավելի կոռեկտ ձեւեր։






