Մեծ Բրիտանիայում մեկուկես տարեկան երեխայի մայրն անընդհատ ստիպված է բացատրել շրջապատի մարդկանց, թե ինչու իր որդին այնպիսի տեսք ունի, կարծես թե հենց նոր է հրդեհից փրկվել:
Փոքրիկ տղան տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի հետեւանքով նրա մարմինը պատված է ցավոտ բշտերով:

Հերեյնտ Բերնսը՝ Հարավային Ուելսից, տառապում է տարածուն մաշկային մաստոցիտոզով՝ հիվանդությամբ, որի ժամանակ մաշկը հաստանում է եւ հեշտությամբ պատվում բշտերով: Հաճախ շրջապատի մարդիկ՝ տեսնելով տղային մտածում են, որ մաշկի հետ կապված նրա խնդիրներն առաջացել են սխալ խնամքի հետեւանքով, հաղորդում է Daily Mail-ը:

Հազվագյուտ հիվանդությունը բազմաթիվ խնդիրների ու անհարմարությունների պատճառ է դարձել: Մայրը ստիպված է ոչ միայն հետեւել երեխայի մարմնի ջերմաստիճանին, այլեւ շատ զգույշ լինել, երբ գրկում է նրան: Նույնիսկ կրծքով կերակրումն իսկական խնդիր էր դարձել, որովհետեւ բարձր ջերմության պատճառով տղան անընդհատ քորվում էր:

Հիվանդությունը նույնիսկ կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի՝ ծանր եւ կյանքի համար հնարավոր վտանգ ներկայացնող ռեակցիայի: Մաստոցիտոզը պայմանավորված է մաշկում այսպես կոչված պարարտ բջիջների կուտակումով, որոնք պարունակում են այնպիսի նյութեր, ինչպիսին հիստամինն է՝ որը կարգավորում է ալերգիկ ռեակցիաները:

Հերեյնտի հիվանդությունն այնքան հազվագյուտ է, որ բժիշկների մեծամասնությունն երբեւէ չի բախվել դրա հետ: Այդ իսկ պատճառով բազմաթիվ մասնագետներ նույնիսկ ի վիճակի չեն այն տարբերակելու: Ներկայումս մաստոցիտոզն անբուժելի հիվանդություն է:







