Մեծ Բրիտանայում հիվանդանոցներից մեկում առանց հարազատների համաձայնության վերցրել են մահացածների օրգաններն ու «հարկ եղած ժամկետից ավելի երկար» պահել դրանք: Մարդկային հյուսվածքների նմուշները հայտնաբերել են Սաութ Շիլդս քաղաքի բուժհաստատությունում ստուգումների ժամանակ:

Ըստ Belfast Telegraph-ի՝ մարդկային հյուսվածքների նմուշները հայտնաբերվել են 2015 թվականի մարտին անցկացված ստուգումների ընթացքում: Այդ ժամանակ էլ պարզել են, որ դրանք «հարկ եղած ժամկետից ավելի երկար» են պահել:  Մասնավորապես, Սառա Սիմփսոնը հաղորդել է, որ իր հայրը մահացել է 1995 թվականին: Ընտանիքը դիակիզել է մարմինը՝ վստահ լինելով, որ մարմնին ձեռք չեն տվել: Սակայն հիվանդանոցն առանց հարազատների համաձայնության հանել եւ 22 տարի պահել է տղամարդու օրգանները:

Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ նմուշները նույնականացնելու համար: Դրա համար ոստիկանության մասնագետները հանդիպում են այն ընտանիքների հետ, որոնց հարազատները կարող էին այդ հյուսվածքների դոնորները լինել: