Ամերիկյան Medscape կայքը ներկայացրել է ամենամյա հետազոտության արդյունքները, որի շրջանակում վերլուծել են ԱՄՆ-ում բժիշկների աշխատավարձի փոփոխության դիմանիկան եւ մասնագիտական գործունեությունից նրանց բավարարվածության մակարդակը (Medscape Physician Compensation Report 2017):
Արդեն յոթերորդ հետազոտությանը 27 մասնագիտացմամբ շուրջ 20 հազար ամերիկացի բժիշկ է մասնակցել:
Արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում բժշկի միջին աշխատավարձը կազմում է տարեկան 294 հազար դոլար, ըստ որում՝ մասնագետ բժիշկները թերապեւտներից 100 հազար դոլար ավելի են ստանում (համապատասխանաբար՝ տարեկան 316 եւ 217 հազար դոլար): Ամենաբարձր վճարվող մասնագիտություններն են՝ օրթոպեդի (489 հազար դոլար), պլաստիկ վիրաբույժի (440 հազար դոլար) եւ սրտաբանի (410 հազար դոլար): ԱՄՆ-ում ամենից քիչ ստանում են ընտանեկան բժիշկները եւ մանկաբույժները՝ համապատասխանաբար 209 եւ 202 հազար դոլար: Հարցմանը մասնակցած բժիշկների մեծ մասը նշել է 2016 թվականին աշխատավարձի բարձրացումը, առավել նկատելի է բարձրացել պլաստիկ վիրաբույժների (24 տոկոսով) եւ ալերգոլոգների (16 տոկոսով) աշխատավարձը:
Այս տարի Medscape-ի փորձագետներն առաջին անգամ աշխատավարձի չափը վերլուծել են՝ կախված բժիշկի ռասայական պատկանելությունից: Ստացած տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աֆրոամերիկացիները եվրոպական արտաքինով բժիշկներից 15 տոկոսով քիչ են ստանում (303 հազար դոլար ընդդեմ 262 հազարի):
Ինչ վերաբերում է գենդերային տարբերություններին, ապա տղամարդ բժիշկները շարունակում են կին բժիշկներից ավելի շատ ստանալ: Հարցման արդյունքներով՝ 2016 թվականին տղամարդ թերապեւտի միջին աշխատավարձը կազմել է 229 հազար դոլար՝ կին թերապեւտի 197 հազար դոլարի համեմատությամբ: Մասնագետ բժիշկների շրջանում տղամարդիկ կանանցից 37 տոկոսով ավելի շատ են ստանում՝ համապատասխանաբար 345 եւ 251 հազար դոլար:
Աշխատավարձի չափից անկախ՝ թերապեւտների 46 տոկոսը եւ մասնագետ բժիշկների 41 տոկոսը կարծում են, որ իրենք պետք է 11-25 տոկոսով ավելի շատ ստանային, ըստ որում՝ յուրաքանչյուր խմբի բժիշկների մեկ երրորդը կցանկանար աշխատավարձի 26-50 տոկոսով բարձրացում:
Չնայած սրան, հարցվածների գրեթե 40 տոկոսը հայտնել է շաբաթական 10-ից մինչեւ 20 ժամով աշխատանքային ծավալի մեծացման մասին, այդ թվում՝ փաստաթղթավորման, փաստորեն՝ ամերիկացի 10 բժիշկից 8-ը կրկին կընտրեր բժշկի մասնագիտությունը: Այս մասին հայտարարել է մաշկաբանների 96 տոկոսը եւ օրթոպեդների ու ուռուցքաբանների 95 տոկոսը:
ԱՄՆ-ում տարբեր մասնագիտացմամբ բժիշկների միջին տարեկան աշխատավարձը.







