Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»  ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումներին մասնակցելու եւ աջակցելու համար։

Գերմանացի ճանաչված պրոֆեսորը եւ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են  նախորդ օրն իրականացված աուտոփոխպատվաստման արդյունքները։  Նիկոլաուս Կրյոգերը նշել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի եւ Համբուրգի էպենդորֆ կենտրոնի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր:

Լեւոն Ալթունյանը շեշտել է, որ մի շարք հիվանդությունների բուժման  նպատակով բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցողունային բջիջների փոխպատվաստման ներդրումը մեր երկրի արյունաբանության ոլորտում մեծ առաջընթաց է ապահովում։

Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները, ինչպես նաեւ բժշկական թիմի մասնագիտական պատրաստվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել  են նման կենտրոնների կառավարմանը, եղած հնարավորություններն արդյունավետ կիրառելուն, ինչպես նաեւ Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը  վերաբերող եւ այլ հարցեր։  

Պրոֆեսոր Կրյոգերը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու իր կողմից ղեկավարվող բաժանմունքում  երիտասարդ հայ մասնագետների եւս մեկ խմբի ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ վերապատրաստմանը: