Գրեթե 2 միլիարդ մարդ ստիպված է կղանքով աղտոտված ջուր խմել: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Աղտոտված ջրի օգտագործումը ամեն տարի դիարեայի հետեւանքով մահվան 500 դեպքի պատճառ է դառնում, նաեւ սաստիկ մեծացնում է խոլերայով, պոլիոմիելիտով, տիֆով, դիզենտերիայով, տրախոմայով հիվանդանալու եւ մակաբույծներով, այդ թվում՝ Schistosoma-ներով եւ ճիճուներով վարակվելու հավանականությունը:

2015 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդունեց Կայուն զարգացման նպատակները, որոնք ներառում էին նաեւ բոլորի համար սանիտարիայի ապահովումը եւ ջրապաշարների ռացիոնալ օգտագործումը: Սակայն, վերջին տվյալների համաձայն, գործնականում ոչ բոլոր երկրներն են այս նպատակներին հասնելու ուղղությամբ քայլեր կատարում:

Չնայած վերջին 3 տարիներին ջրի, սանիտարիայի եւ հիգիենայի համար հատկացվող տարեկան միջին բյուջեն մեծացել է 4,9 տոկոսով, երկրների 80 տոկոսում դեռեւս գումարը չի բավականացնում ազգային մակարդակով բարելավումներ անցկացնելու համար: Ըստ որում՝ զարգացող երկրների մեծ մասում ենթակառուցվածքները դեռեւս այնքան կատարյալ չեն, որպեսզի բնակչությանն անվտանգ եւ վստահելի ծառայություններ մատուցեն:

Փորձագետները նշում են, որ ջրին եւ սանիտարիային հասանելիության ֆինանսավորումը բարարար կերպով կանդրադառնա մարդկանց առողջության եւ զարգացման վրա, նաեւ նոր աշխատատեղեր կստեղծի: