Եվրոպայի երկրներում հեպատիտ А-ով հիվանդացածության համաճարակային վերելքը դիտվում է 2017 թվականի փետրվարից: Եվրոպացի մասնագետներին դեռեւս չի հաջողվում կասեցնել հիվանդության տարածումը: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղեկություններով՝ հիվանդությունը զանգվածաբար գրանցել են Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում եւ Մեծ Բիտանիայում: Հիվանդների ընդհանուր թիվը ավելի քան 300 մարդ է:
Եվրոպացի մասնագետները ջանադրաբար փորձում են համաճարակը հաղթահարել՝ անցկացնում են տեղային պատվաստում, սանիտարա-լուսաբանման աշխատանքներ իրականացնում, հիվանդության նոր օջախները հայտնաբերելու նպատակով ավելի հաճախ են լաբորատոր անալիզներ նշանակում: Սակայն այս միջոցառումները դեռեւս ցանկալի արդյունքներ չեն ապահովում:
Իր հերթին, «Ռոստուրիզմ»-ը ռուս ճանապարհորդներին խորհուրդ է տալիս Եվրոպայի երկրներում հատկապես խիստ հետեւել հիգիենայի կանոններին, ձեռքերը եւ մրգերը լվանալ հոսող ջրով:
Հիշեցնենք, որ հեպատիտ А-ն լյարդի վիրուսային ախտահարում է: Վարակումը տեղի է ունենում ֆեկալա-օրալ ճանապարհով (ձեռքերի եւ բերանի միջոցով)՝ հասարակական զուգարաններ հաճախելուց հետո, սնունդում վատ լվացված հում բանջարեղեն եւ մրգեր օգտագործելու, կեղտոտ ջուր խմելու, հիվանդի հետ շոշափելի շփում ունենալու հետեւանքով: Հիվանդության առաջին դրսեւորումները հայտնվում են վարակվելուց հետո սովորաբար 35-րդ օրը, բայց ընդհանրապես գաղտնի շրջանը կարող է տեւել 7-ից մինչեւ 50 օր:
Հիմնական ախտանշաններն են՝ ինքնազգացողության վատացում, փորլուծություն, սրտխառնոց, բարձր ջերմություն, մաշկի դեղին երանգ:






