«Ռոսպոտրեբնադզոր»-ի 2016 թվականի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում 36 տոկոսով նվազել է այն հիվանդների թիվը, որոնք առաջին անգամ ալկոհոլամոլություն ախտորոշմամբ դիսպանսեր հաշվառման են վերցվել: 24 տոկոսով նվազել է բժշկականխարգելման կազմակերպություններում հաշվառման վերցված ալկոհոլամոլների թիվը: Դրական դինամիկա է գրանցվել նաեւ ծխողների շրջանում՝ մեծահասակ բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը 39 տոկոսով նվազել է:

ՌԴ Առողջապահության նախարարության Հոգեբուժության եւ թմրամոլության բժշկական դաշնային հետազոտական կենտրոնի տնօրեն Տատյանա Կլիմենկոն «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հիշեցրել է, որ «Քաղաքացիների առողջության պահպանման հիմքերի մասին» օրենքի (Դաշնային օրենք՝ 323) համաձայն՝ 2011 թվականից ռուսաստանցիները կարող են դիսպանսեր հսկողության վերցվել միայն իրենց կամավոր համաձայնության մասին տեղեկացնելու դեպքում: «Երբ բժշկական կազմակերպությունները սկսեցին հետեւել այս պահանջներին, մեզ մոտ, բնականաբար, դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը կրճատվեց, ուստի վերջին մի քանի տարիներին ալոկոհոլամոլություն ախտորորշմամբ հիվանդացածության նվազում է նկատվում»,- պարզաբանել է Տատյանա Կլիմենկոն:

Հոգեբուժության եւ թմրամոլության բժշկական դաշնային հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ 2016 թվականին ալկոհոլամոլություն ախտորոշմամբ հաշվառման է վերցվել 95 հազար մարդ (2015-ին այս ցուցանիշը եղել է ավելի քան 103 հազար մարդ): Դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 2016 թվականին գրեթե 1,6 մլն մարդուց  կրճատվել է մինչեւ 1,4 մլն մարդով:

Ազգի թմրաառողջության ինստիտուտի տնօրեն Օլեգ Զիկովը ալկոհոլամոլության վերաբերյալ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալները հավաստի է համարում, սակայն միեւնույն ժամանակ հավելում է, որ «այն ամենը, ինչ տեղի է ունենում դիսպանսեր հսկողության ոլորտում, հոգեմետ նյութերի օգտագործման ընդհանուր մակարդակի հետ ուղիղ կապ չունի»:

«Հիվանդների դիսպանսեր խմբում ընդգրկված են նրանք, ովքեր բժշկի մոտ են եղել եւ ախտորոշվել: Որպես կանոն, սա այն հիվանդների կարգն է, որը սոցիալական կամ քրեական խնդիրներ ունի»,- պարզաբանել է նա:

Սպառողների միության միջազգային դաշնության վարչության նախագահ Դմիտրի Յանինը նշել է, որ ալկոհոլային եւ ծխախոտային ճյուղում սահմանափակումների մեծ քանակը, որոնք ընդունվել են վերջին տարիներին, նպաստել է կործանարար սովորություններից մարդկանց հրաժարվելուն: Որպես օրինակ նա նշել է կրպակներում գարեջրի վաճառքի արգելքը, գիշերային ժամերին սպիրտային խմիչքների վաճառքի սահմանափակումը, ակցիզային հարկերի մշտական բարձրացումը եւ փակ հաստատություններում ծխելու անհնարինությունը: Դմիտրի Յանինը համոզված է, որ 2016 թվականին ծխողների թիվը կրճատվել է միայն 10 տոկոսով, իսկ երկրում ծխողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 30 մլն մարդ: