Hydrophylax bahuvistara գորտերը նյութ են արտադրում, որն ընդունակ է ոչնչացնելու գրիպի շտամներից շատերը, պարզել են հնդիկ գիտնականները: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:
Հետազոտողները վերլուծել են Հնդկաստանի հարավային շրջաններում բնակվող երկկենցաղների լորձում պարունակվող սպիտակուցային տարբեր մոլեկուլներ: Նրանք հայտնաբերել են, որ 32 պեպտիդներից չորսն օժտված են հակավիրուսային հատկություններով: Սակայն անվտանգության ստուգումն անցել է դրանցից միայն մեկը՝ ուրումինը: Այն անվնաս է մարդու արյան բջիջների համար, սակայն կործանարար ազդեցություն է ունենում գրիպի վիրուսների վրա:
Հետազոտության հեղինակներից Ջոշ Ջեյքոբի խոսքով՝ մեկ պոտենցիալ դեղ հայտնաբերելու համար անհրաժեշտ է վերլուծել մինչեւ մեկ միլիոն տարբեր միացություններ: Գիտնականին զարմացրել է այն փաստը, որ մեկ տեսակի օրգանիզմում միանգամից 4 թեկնածու նյութ է հայտնաբերվել:
BBC News-ը հայտնում է, որ հետազոտողներն արդեն պատրաստուկի ազդեցությունը ստուգել են մկների վրա:
Ուրումինով պատվաստելու դեպքում մկները ողջ են մնացել H1 գրիպի վիրուսի մահացու չափաքանակ ներարկելուց հետո, որը 2009 թվականին համավարակի աղբյուր էր դարձել:
Այժմ գիտնականները դիտարկում են հայտնաբերած պեպտիդից դեղամիջոց ստեղծելու հնարավորությունը, նաեւ պարզում են՝ արդյոք գորտերի լորձի պեպտիդները կարող են ոչնչացնել այլ վիրուսները, այդ թվում՝ Զիկա տենդի վիրուսը:
Ուրումինն արգելափակում է հեմագլյուտինինը (Н1), որը գտնվում է վիրուսային մասնիկների մակերեւույթին: Н1-ը վերջիններին թույլ է տալիս միանալ տեր բջիջին եւ թափանցել նրա մեջ:






