Մարզեր կատարած այցերի ընթացքում մի շարք բուժհաստատություններում բարձրացված խնդիրները ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի նախաձեռնությամբ քննարկվել է մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների եւ մարզերի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ մարզերից ստացված առաջարկությունները, ինչպես նաեւ իր տեսլականը։

Քննարկվել են ներկայացված եւ տեղում հնչած առաջարկությունները։

Լեւոն Ալթունյանն առաջարկել է մարզերի ներկայացուցիչներից ստեղծել նախաձեռնող խումբ` վիրաբուժական ծառայության զարգացման, ինչպես նաեւ առկա խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այդ ենթատեքստում կարեւորվել են մարզերում աշխատող նեղ մասնագետների վերապատրաստումները։ Հանձնարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտին մշակել մարզային մասնագետների գիտակրթական տարեկան ծրագիր։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն առաջարկել է, ելնելով մարզային հիվանդանոցների նեղ մասնագետներով եւ սարքավորումներով հագեցվածությունից, որոշել բժշկական կենտրոնների մակարդակը։

Մարզերում վիրաբուժական ծառայության որակի բարելավման գործում կարեւորվել է նաեւ կլինիկական ուղեցույցների եւ հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։