Պալիատիվ բուժօգնության շրջանակներում Հայաստանում 2015 թվականի սկզբից օգտագործվելու է հաբերի տեսքով մորֆին՝ ներարկային մորֆինի եւ մեթադոնի փոխարեն: Այս մասին ապրիլի 3-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

«Հաբերի տեսքով մորֆինը ավելի հարմար է օգտագործման համար եւ ավելի մատչելի՝ գնային տեսանկյունից: Մինչեւ այժմ կիրառվում էր բացառապես ներարկային մորֆինը, իսկ [պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրի շրջանակներում] հաբերի տեսքով մորֆինի բացակայության պատճառով կիրառվում էր մեթադոնային բուժում», - ասաց Քրմոյանը:

Իր հերթին պալիատիվ օգնության հարցերով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» -ի միջազգային խորհրդատու, գիտությունների դոկտոր Սթիվեն Քոննորը ասաց, որ մորֆինի հաբերը արդյունավետորեն օգտագործվում են ծանր հիվանդների մոտ ուժեղ ցավերի դեմ պայքարելու համար:

Ինչպես նշեց Սուրեն Քրմոյանը, ներարկային մորֆինի օգտագործումն ավելի բարդ է, քանի որ ներարկումները պետք է իրականացնեն համապատասխանորեն կրթված բուժքույրերը, եւ դրանք լրացուցիչ ցավ են պատճառում առանց այն էլ ցավերի մեջ ապրող ծանր հիվանդներին: Հաբերի տեսքով մորֆինը, ընդհակառակը, ավելի քիչ ինվազիվ է. հիվանդի բուժող բժիշկն ընդամենը կնշանակի հաբերը, եւ հիվանդը կկարողանա դրանք ինքնուրույն ընդունել:

Քանի որ այս տարվա դեղերի գնումներն արդեն արված են, հաբերի տեսքով մորֆինը աշնանը ձեռք կբերվի հաջորդ տարվա համար եւ կսկսի օգտագործվել Հայաստանում 2015 թվականի հունվարից: Իսկ մինչեւ այդ, ինչպես նշեց Քրմոյանը, պետք է լինելու կրթել բուժգնության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ օգտագործել այն՝ ցավի կառավարման համար: Կրթել պետք կլինի նաեւ պացիենտներին, որպեսզի նրանք չվախենան օգտագործել թմրանյութեր պարունակող ցավազրկողներ: