Պատվաստանյութերն օգնում են մարդկանց հիվանդություններից զերծ պահել ամբողջ կյանքի ընթացքում: Կարեւոր է հատկապես երեխաների պատվաստումը, քանի որ նրանց մոտ հաճախ բարդություններ են առաջանում, իսկ որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխել պատվաստումների օգնությամբ, հանգեցնում են մահվան: Պատվաստումների գլոբալ շաբաթվա մեկնարկի կապակցությամբ այս մասին հիշեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Բայց պատվաստումներ անհրաժեշտ են ոչ միայն երեխաներին: Դեռահասներն ու մեծահասակները նույնպես կարող են իրենց պաշտպանել մարդու պապիլոմա վիրուսից, որն արգանդի վզիկի քաղցկեղ է առաջացնում: Բացի այդ՝ տարիների ընթացքում բազմաթիվ պատվաստանյութեր կորցնում են արդյունավետությունը, այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս կրկնել որոշ պատվաստումներ: Տարեցներին էլ խորհուրդ է տրվում ամեն տարի գրիպի դեմ պատվաստում անել:

ԱՀԿ-ում հիշեցնում են, որ Եվրոպայում պատվաստումների զանգվածային կրճատումը հանգեցրեց կարմրուկի բռնկման: Միայն այս տարվա հունվարին նման 500 դեպք է արձանագրվել: Ընդ որում՝ 474 դեպքերը հայտնաբերվել են յոթ երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի պատվաստում է ստանում 116 մլն երեխա: Սակայն 1.4 մլն փոքրիկ չի պատվաստվում: Նրանց 60%-ն ապրում է տասը երկրներում, որոնց թվում է Ուկրաինան: Այստեղ պատվաստում չի ստանում 370 հազար երեխա:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Անդրկարպատյան մարզում 10 ամսական եւ 4 տարեկան երկու երեխաների մոտ պոլիոմիելիտի դեպք է հայտնաբերվել: Երկուսն էլ կաթվածահար են եղել: Այս երեխաները պատվաստում չէին ստացել: Դրանից հետո Ուկրաինայում երեք փուլով պոլիոմիելիտից պատվաստում է կատարվել: