Այսօր Հայաստանն աշխարհում ցուցադրում է երեխայի սեռի խտրական ընտրության պատճառով ծնվող տղաների եւ աղջիկների թվի անհամամասնության կրճատման առավել արագ տեմպեր: Հայաստանին հաջողվել է մի քանի տարում այս միտումը փոխել: Այս մասին «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի՝ փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի ղեկավար Գարիկ Հայրապետյանը: Համաժողովն ամփոփում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» եռամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները, որը հովանավորել է Եվրամիությունը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը Հայաստանում առաջին անգամ այս երեւույթի մասին սկսել է մտածել ուղիղ 10 տարի առաջ, երբ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ հայտնաբերել է ծնվող տղաների եւ աղջիկների թվի միջեւ անհասկանալի անհամամասնություն: 2,5 տարի պահանջվեց մինչեւ Հիմնադրամի աշխատակիցները հասկացան, որ այս հարցում պատերազմի եւ այլ արտակարգ իավիճակների գործոնը նվազագույն է, եւ նման ֆենոմենի պատճառը երեխայի սեռի խտրական ընտրությունն է: Այնուհետեւ հետազոտություններ սկսվեցին՝ հասկանալու համար, թե Հայաստանում այս խնդրի արմատները որքան խորն են, եւ այս հարցում շատ օգնեց ԵՄ-ի հովանավորած ծրագիրը:
«Մենք հասկացանք, որ գործ ունենք ընտանիքներում տեղի ունեցող փոփոխությունների հետ, ընտանիքում դերերի, կնոջ արժեւորման փոփոխությունների հետ: Պարզվեց, որ հայ ընտանիքում դուստրերի դերն ավելի փոքր է, քան որդիները»,- ասաց Գարիկ Հայրապետյանը՝ ընդգծելով այս խնդրի բարձրացման եւ լուծման հարցում լրատվամիջոցների մեծ դերը:
«Մենք չպետք է կանգ առնենք, պետք է ավելի շատ աշխատենք: Երբ 2011 թվականին այս մասին խոսում էինք, շատերն էին առարկում, որ նման բան չկա, դուք կործանում եք մեր ընտանիքները, մենք սիրում ենք մեր աղջիկներին: Այո՛, մենք մեր աղջիկներին սիրում ենք եւ պետք է աշխատանքը շարունակենք՝ ապացուցելու համար, որ մենք նրանց սիրում ենք ոչ միայն ծնվելուց հետո, այլ սիրում ենք նաեւ աղջիկ ունենալու գաղափարը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2015 թվականին մեկնարկած «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 790.000 եվրո, որից 750.000 եվրոն հատկացրել է Եվրամիությունը, մնացյալ 40.000 եվրոն ներդրել են ծրագրի չորս գործընկերները: Ծրագիրն իրականացրել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի Զարգացման կենտրոնը, Մարտունու Կանանց հանրային խորհուրդը, Save the Children Nederland-ը:






