ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը  Հայաստանում բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրումն է։ Աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին  ներկայացրել  է այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու  ժամանակացույցը։

Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման հայեցակարգի նախագիծը  մշակելուց առաջ եւս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաեւ հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։

«Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում  բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լեւոն Ալթունյանը` կարեւորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար եւ թափանցիկ գործունեությունը։

«Մեր բոլոր նախաձեռնությունները, իրավական ակտերի տրամաբանությունը պետք է ուղղված լինեն  նրան, որ բժշկական հաշտարարի ինստիտուտն ունենա հեղինակություն եւ վայելի բնակչության վստահությունը։ Իսկ հաշտարարը պետք է լինի սկզբունքային, անաչառ եւ հետեւողական»,- ասել է նախարարը։

Լեւոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։ Նշվել  է, որ համաձայն ժամանակացույցի բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայաեցակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ մայիսի 25-ը։

Քննարկման ընթացքում կարեւորվել  է ինչպես բուժառուների, այնպես էլ բուժաշխատողների պաշտպանվածության ապահովումը։ Նախարար Ալթունյանը որպես այդ խնդրի կարգավորման դեղատոմս  նշել է կլինիկական ուղեցույցների եւ հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։ Նա տեղեկացրել է, որ շարունակական այդ աշխատանքը կավարտվի երեք տարվա ընթացքում։ Այժմ տեղայնացվում են արդեն իսկ թարգմանված 215 ուղեցույցներն ու շուրջ 100 գործելակարգերը։