Ժանտախտը մինչ օրս Երկրից չի անհետացել այն պատճառով, որ դրա հարուցիչ ժանտախտի ցուպիկը կարող է թաքնվել ամեոբաների մեջ, նշված է Applied and Environmental Microbiology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Որպես կանոն, ժանտախտի Yersinia pestis ցուպիկը մի կրծողից մյուսին է անցնում լվերի միջոցով՝ պարբերաբար ընկնելով մարդու օրգանիզմ: Երբ կրծողների թիվը փոքր է, եւ բակտերիաների համար դժվար է մի զոհից մյուսին փոխանցվել, այն թաքնվում է ամեոբաների մեջ եւ սպասում առավել հարմար պահի»,- ասում է Պուլմանի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանից Վիվեկա Վադիվալուն:

Մարդկությունը մի քանի մեծածավալ համաճարակներ է վերապրել, որոնք «ժանտախտը» նկարագրող ախտանիշներ են ունեցել: Դրանցից առաջինը 6-րդ դարի կեսին Հուստինիանոսի ժանտախտն էր, որը խլել է ավելի քան 100 միլիոն մարդու կյանք: Մյուս նման դրվագը եղել է միջնադարի «սեւ մահը», որը 14-րդ դարի կեսին բնաջնջել է Եվրոպայի բնակչության մոտ երրորդ մասին:

Վերջին մի քանի տարիներին գենետիկներին հաջողվել է այս բակտերիաների ԴՆԹ-ի մնացորդներն առանձնացնել նրանց զոհերի ոսկորներից եւ ապացուցել, որ դրանք բոլորը առաջացել են տարբեր, բայց միեւնույն բակտերիայի՝ Yersinia pestis-ի իրար նման շտամներից:

Վադիվալուին եւ նրա գործընկերներին հետաքրքրել է, թե ժանտախտն ինչպես է կարողացել այսքան երկար ժամանակ ապրել եւ Երկրից չանհետանալ հերթական խոշոր համաճարակի ընթացքում, երբ սպանել է իր բոլոր կրողներին:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ շատ մանրէներ կարող են ողջ մնալ նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց «կուլ են տալիս», այսպես կոչված, միկրոֆագերը՝ իմունային համակարգի մասնագիտացած բջիջներ, որոնք ոչնչացնում են մանրէները եւ ամեոբաներին ու այլ միաբջիջներին նմաններին: Սա գիտնականներին մղել է մտածելու, որ ամեոբաները կարող են հանդես գալ որպես բնական շտեմարաններ եւ ժանտախտի տարածողներ: Նրանք այս գաղափարը ստուգել են՝ աճեցնելով եւ ժանտախտի ցուպիկի 3 ամենավտանգավոր շտամների գաղութները միախառնելով սովորական հողի ամեոբա Acanthamoeba castellanii-ի գաղութին:

Որոշ ժամանակ անց գիտնականները փորձանոթի մեջ նյութ են լցրել, որը սպանում է ժանտախտի ցուպիկին, եւ ստուգել են՝ արդյոք ամեոբաներում կա՞ն Yersinia pestis-ի «ողջ» բջիջներ:

Պարզվել է՝ բակտերիաներն իսկապես ողջ են մնացել եւ բարենպաստ պայմանների մեջ ընկնելով՝ սկսել են բազմանալ: Նրանց վերապրելու գաղտնիքը հատուկ սպիտակուցն է, որը Yersinia pestis-ն արտադրել է մեծ քանակով, եւ որը ամեոբաների քիմիական լեզվով նշանակում է «ինձ մի կեր»: Երբ գիտնականները հեռացրել են այս մոլեկուլի արտադրման համար պատասխանատու գենը, ժանտախտի ցուպիկները քայքայվել են ամեոբայի մեջ հայտնվելիս:

Գիտնականների կարծիքով՝ բակտերիաների եւ ամեոբաների նման «սիմբիոզը» կարող է բացատրել, թե ինչու ժանտախտը չի անհետացել հնադարի խոշոր համաճարակներից հետո, եւ շարունակում է մարդկությանն անհանգստացնել նաեւ այսօր: