Դեռեւս պարզ չէ՝ 2018 թվականից Հայաստանը արդյոք հնգավալենտ պատվաստանյութի փոխարեն կանցնի վեցավալենտին, քանի որ սա ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում: Սակայն եթե հնգավալենտ պատվաստանյութի արտադրությունը դադարեցվի, Հայաստանը ստիպված կլինի անցնել վեցավալենտ տարբերակին: Այս մասին իմունականխարգելման թեմայով սեմինարի ընթացքում լրագրողներին հայտնեցին Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը եւ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում երեխաները անվճար հնգավալենտ պատվաստում են ստանում 5 հիվանդությունների դեմ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեպատիտ B եւ b տեսակի Haemophilus influenzae (Hib), որը թոքաբորբ եւ մենինգիտ է առաջացնում: Իսկ մասնավոր կլինիկաներում, որտեղ վճարովի պատվաստումներ են կատարվում, օգտագործում են վեցավալենտ պատվաստանյութը, որը բացի թվարկված հիվանդություններից, ներառում է նաեւ պոլիոմիելիտը: Ծնողներից շատերը պնդում են, որ վճարովի պատվաստումից հետո երեխաների մոտ գործնականում ռեակցիաներ չեն առաջանում:
Գայանե Սահակյանը պարզաբանեց, որ կապույտ հազի բաղադրիչը հնգավալենտ պատվաստանյութում բջջային է եւ պարունակում է բոլոր հակամարմինները (25 հակամարմին), որոնք անհրաժեշտ են կապույտ հազից եւ հարկապույտ հազից պաշտպանելու համար: Վեցավալենտ պատվաստանյութում այս բաղադրիչը ոչ բջջային է եւ պարունակում է 5 հակամարմին: Նրա պաշտպանությունն ինչ-որ չափով զիջում է բջջային տարբերակին, սակայն դրա հետ մեկտեղ պատվաստումից հետո ռեակցիան ավելի քիչ արտահայտված է լինում: «Սա է պատճառը, որ հնգավալենտ պատվաստանյութով պատվաստումից հետո երեխանորի 10 տոկոսի մոտ բարձր ջերմությամբ արտահայտվող ռեակցիա է գրանցվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պոլիոմիելիտին, ապա երեխաներին հնգավալենտ պատվաստանյութի հետ միասին կատարվում է նաեւ պոլիոմիելիտի դեմ պերօրալ պատվաստում, ըստ որում՝ օգտագործվում է կենդանի պատվաստանյութ, իսկ վեցավալենտն արդեն պարունակում է պոլիոմիելիտի դեմ բաղադրիչ, ըստ որում՝ ինակտիվացված: Գայանե Սահակյանը հավելեց, որ այս պատվաստանյութերը որակի տարբերություններ չունեն, սակայն գնի մեծ տարբերություն կա՝ Հայաստանը հնգավալենտ պատվաստանյութը գնում է չափաքանակը 1,5 դոլարով, իսկ վեցավալենտն արժե մոտ 20 դոլար:
«Բայց քանի որ տեխնոլոգիան փոխվել է, եւ հաջորդ տարվանից հնգավալենտ պատվաստանյութը, հնարավոր է, այլեւս չարտադրվի, ուզենք, թե չուզենք, պետք է անցնենք վեցավալենտի»,- հավելեց Սերգեյ Խաչատրյանը:
Գայանե Սահակյանը հիշեցրեց, որ աշխարհում այսօր պոլիոմիելիտի դեմ կենդանի պատվաստանյութից անցում է կատարվում ինակտիվացվածին, եւ Հայաստանը նույնպես պետք է այդպես վարվի: «Քանի որ պոլիոմիելիտի վայրի վիրուսի դեմ պայքարում ծանրակշիռ ձեռքբերումներ կան եւ հիվանդությունը չի գրանցվում, ԱՀԿ-ը բոլոր երկրներին առաջարկում է 2018 թվականից կենդանի պատվաստանյութը փուլ առ փուլ փոխարինել ինակտիվացվածով: Եվ մենք այս հարցը պետք է լրջորեն քննարկենք Ֆինանսների նախարարության հետ»,- նշեց Գայանե Սահակյանը:






